«Կիմանաք թուրքերի ցասման մասին»․ Էրդողանը սպառնացել է Հունաստանի իշխանություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իր «Զարգացման արդարություն կուսակցության» անդամների առջև ելույթի ժամանակ, կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հասցեին, հայտնում է Orthodox Times- ը: Էրդողանը վերջնագրով պահանջել է Միցոտակիսից մասնակցել բանակցություններին: «Եթե խաղաղություն եք փնտրում, մի սադրեք ինձ», – նշել է Թուրքիայի ղեկավարը, որից հետո հարձակվել է Միցոտակիսի վրա այն բանի համար, որ նա նախ համաձայնել է Անկարայի հետ քննարկել տարածքային խնդիրները Արևելյան Միջերկրական ծովում, ապա հետ է կանգնել։ Էրդողանը ընդգծել է, որ ինքը լավատեղյակ է, թե ինչ է անում Հունաստանը Էգեյան ծովի վիճելի կղզիներում: «Ինչ օգնություն էլ որ գա, դուք պետք է իմանաք, որ Թուրքիան ամուր կանգնած է և ճիշտ կգործի: Դուք լավ կիմանաք թուրքերի ցասման մասին », – հավելել է Թուրքիայի առաջնորդը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հունաստանի տնտեսական գոտու մոտակայքում էներգետիկ ռեսուրսներ որոնելու համար սեյսմիկ հետախուզություն սկսելու Թուրքիայի որոշումը լարվածության սրման և փոխադարձ մեղադրանքների հանգեցրեց երկու երկրների ղեկավարների միջև: