Մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետև մեր երեխաներին դավաճանել են. Աստղիկ Գալեյան
Ամուսինս եւ ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետեւ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավաճանել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44–օրյա պատերազմում զոհված սերժանտ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ինքն ու ամուսինը հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն հետմահու շնորհված «Մարտական ծառայության մեդալն ընդունել։
«Վերջին կապը եղել է սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հրթիռակոծվել են, բայց մինչ այդ շատ ծանր մարտեր են մղել, մեծ թվով զինտեխնիկա ոչնչացրել։ Ընկերները պատմում են, որ շատ համարձակ էր կռվում, ոչ մեկին չէր թողնում հուսահատվեն, ասում էր՝ տղերք, դուք հանգիստ եղեք, ես ինչ որ պետք է՝ կանեմ։ Իրենից կախված ամեն ինչ արել է, վերջերս խոսել եմ իր ծառայակիցներից մեկի հետ, ասաց՝ շնորհակալ եմ ձեզ, որ նման տղա ունեք, ամեն ինչում առաջինն է եղել»,– պատմեց Մխիթար Գալեյանի մայրը, ապա շարունակեց.
«Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր, 26-ին աղջկաս 18-ամյակն էր, նշում էինք, տեսազանգով խոսեցինք, բոլոր հարազատներին տեսավ, ցանկանում էր, որ բոլորին հերթով ցույց տայի։ Մենք որոշել էինք 28-ին կամ 29-ին մեկնել Արցախ՝ իրեն տեսնելու։ Սեպտեբերի 27-ի առավոտյան բոթը ստացանք, որ պատերազմ է, անընդհատ զանգում էինք, չէր պատասխանում։ Անհանգիստ էինք, հետո SMS-ով գրեց՝ «մամ ջան, «ռազվոդ ա», հետո կզանգեմ»։ Հետո, երբ զանգեց, հարցրի՝ զորամասում ե՞ք, ասաց՝ այո, բայց զգացի, որ զորամասում չեն, որովհետեւ խոսելու ընթացքում քամու ձայնը լսվում էր։ Հաճախակի չէինք խոսում, երբ իրեն հարմար էր լինում՝ կարճ ժամանակով զանգում էր»։
Աստղիկ Գալեյանի խոսքով՝ պատերազմի հենց սկզբից ամուսինը մեկնել է ռազմաճակատ՝ որդու եւ նրա զինակիցների կողքին կռվելու համար։
«Առաջին իսկ րոպեից ամուսինս որոշեց, որ պետք է գնա, Մխիթարի կողքին կանգնի, առաջին պատահած մեքենայով կամավոր մեկնեց Հադրութ։ Այդ ժամանակ ուժեղ մարտեր էին սկսվել Ֆիզուլիի հատվածում, այն դիրքերում, որոնք Հադրութի զորամասն էր պահում։ Ասում էր՝ գրեթե ամբողջ գիշեր կարկուտի նման երկաթե անձրեւ էր տեղում, ոչ մի րոպե աչք չենք բացել, եւ առավոտյան ժամը 10-ին մոտ թշնամու ԱԹՍ-ն հրթիռն ուղղում է բլինդաժի մեջ, 22-24 հոգուց մի քանի հոգի է փրկվել, այդ թվում՝ ամուսինս, որ բազմաթիվ վնասվածքներ էր ստացել գլխին, թեւին։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան նրան արդեն տեղափոխեցին Երեւան։ Մխիթարը այդպես էլ չիմացավ, որ հայրը գնացել է, վիրավորվել, հետ եկել։ Բայց գիտեր, որ հայրը գնալու է, որովհետեւ անընդհատ իրենց տղաների հետ խոսելիս ասում էր՝ տղերք, չվախենաք, պապաս գալու է։ Նա երեւի զգում էր, որ հայրը եկել է, որովհետեւ հետո իմացանք, որ անընդհատ ընկերներին ասել է՝ կարո՞ղ եք ճշտել՝ հայրս որտեղ է, նրան ի՞նչ է եղել»,– պատմեց Մխիթար Գալեյանի մայրը։
Մխիթարը սպորտով է զբաղվել, բարձր միավորներով բուհ ընդունվել, մեծ ընտանիք կազմելու ծրագրեր փայփայել․ «Դպրոցական հասակում Մխիթարը հաճախում էր գիմնաստիկայի, այնուհետեւ ըմբշամարտի, լողի։ Բարձր միավորներով անվճար ընդունվել էր Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքագիտության բաժին, 4 ամիս սովորելուց հետո մեկնել է բանակ։ Հորը խոստացել էր, որ անվճար է ընդունվելու եւ կատարել էր խոստումը։ Որոշել էր երկրորդ տարվանից հեռակա հիմունքներով սովորել եւ զուգահեռ աշխատել, նպատակ ուներ շուտ ամուսնանալ եւ լավ ընտանիք կազմելու»։
Մխիթարն ու ընկերը՝ Հայկը, զոհվել են երրորդ ընկերոջը՝ Ավիկին փրկելիս։ Ավիկը հետո ընկերոջ ծնողներին պատմել է, որ Մխիթարը նույնիսկ աղոթել է իր համար, ու ասել՝ «դու գնա, ես գալու եմ»։
Ծնողները հրաժարվել են ընդունել Արցախի նախագահի կողմից իրենց որդուն՝ սերժանտ Մխիթար Գալեյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության մեդալն ընդունել։
«Ամուսինս եւ ես որոշեցինք, որ մեր որդու մեդալը կվերցնենք արժանապատիվ ղեկավարությունից, որովհետեւ մենք կարծում ենք, որ մեր երեխաներին դավաճանել են»,– ասաց Աստղիկ Գալեյանը։