Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումը
PoliticsՕղակը օր օրի սրվում է իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև։ Դարավոր հայապահպանության առանցքային կենտրոնը հայտնվել է ճնշումների ներքո մի ժամանակահատվածում, երբ պետությունը կանգնած է լուրջ արտաքին քաղաքական, անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ։ Այդ ճնշումները պատահական չեն և չեն կարող դիտարկվել զուտ ներքին եկեղեցական գործընթացների շրջանակում։
Դրանք ավելի լայն քաղաքական տրամաբանության արդյունք են, որի նպատակը հանրային դժգոհությունը և պետական կառավարման ձախողումները տեղափոխել այլ հարթություն է։ Իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ ձեռնարկվող քայլերը ծագում են այն գիտակցումից, որ վերջինս շարունակում է մնալ հանրային վստահության այն սակավաթիվ ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում օրվա քաղաքական շահերին։ Արտաքին քաղաքականության ձախողումները, անվտանգության համակարգի խոցելիությունը և սոցիալ-տնտեսական խնդիրների խորացումը փոխհատուցելու փորձերը հանգեցնում են հանրապետության վերջին անկախ հարթակների՝ հասարակական կարծիքի, պատմական հիշողության և հոգևոր կառույցների վերահսկման ձգտման։ Եկեղեցին այդ համատեքստում դիտարկվում է որպես խոչընդոտ, ոչ թե որպես ազգային համախմբման գործոն։
Զարմանալի չէ, որ վարչապետի դիրքորոշումները լայն աջակցություն չեն գտնում հասարակության մեջ։ Իրականում ձևավորվում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական ճգնաժամ, երբ պետական իշխանությունը սկսում է միջամտել այն ոլորտներին, որոնք օրենքով ամրագրված են որպես ինքնավար և պետությունից անջատ։ Իրավաբանների գնահատմամբ՝ եկեղեցական ղեկավարության հարցերին գործադիր իշխանության միջամտությունը հակասում է ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ խղճի ազատության մասին օրենքի դրույթներին, որոնք հստակ սահմանում են կրոնական կազմակերպությունների անկախությունը և Հայ Առաքելական Եկեղեցու ազգային առաքելությունը։
Հատկանշական է նաև հանրային կյանքի վրա այդ միջամտությունների ազդեցությունը։ Վարչապետի մասնակցությամբ կազմակերպված կրոնական միջոցառումները հիմնականում սահմանափակվում են պաշտոնյաներով, անվտանգության ուժերով և պետական կառույցներից կախված անձանցով։ Կան վկայություններ, որ որոշ քաղաքացիներ ստիպված են եղել մասնակցել նման միջոցառումների՝ աշխատանքային կամ վարչական ճնշման պայմաններում։ Սա արդեն իսկ խոսում է ոչ թե հավատքի, այլ իշխանական ցուցադրականության մասին։
Միևնույն ժամանակ, ավանդական եկեղեցական տոները, մասնավորապես Սուրբ Ծննդյան արարողությունները, շարունակել են հավաքել հարյուր հազարավոր հավատացյալների Հայաստանում և սփյուռքում։ Այդ հակադրությունը ցույց է տալիս, որ հասարակությունը հստակ տարբերակում է հոգևոր հավատքը և քաղաքական նպատակներով կազմակերպված միջոցառումները։ Եկեղեցին շարունակում է մնալ ժողովրդի կողքին, իսկ ոչ նրա վերևում։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ։ Ժողովրդավարությունը չի ենթադրում հոգևոր ինստիտուտների ճնշում, առավել ևս՝ պետական լծակներով։ Առավել մտահոգիչ է այն, որ այս ամենի հանդեպ լռություն են պահպանում այն ուժերը, որոնք սովորաբար հանդես են գալիս ժողովրդավարության և ազատությունների պաշտպանության դիրքերից։
Այդ լռությունը փաստում է, որ արժեքների մասին բարձրաձայնումները հաճախ ընտրովի են և պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ։ Եկեղեցու դեմ ուղղված այս գործընթացները չեն թուլացնում Եկեղեցին, այլ խորացնում են պետության ներքին ճգնաժամը։ Դրանք խաթարում են ազգային համերաշխությունը և վտանգի տակ դնում այն ինստիտուտները, որոնք դարերով պահպանել են հայկական ինքնությունը։ Այս ճանապարհը փակուղի է, և դրա գինը վճարելու է ոչ թե միայն Եկեղեցին, այլ ամբողջ հասարակությունը։