Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը. Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։
Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակները և ռեսուրսները , որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։
Դեռևս տաս տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից ավելի ուժեղ ազգային գործիչ։ Նա՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակը Թուրքիայում, անցել է ավելի գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ և խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով։
Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը, բայց խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, բայց խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի հետ, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, բայց վերջերս չթաքցրեց, որ տարածքային ակնկալիքներ ունի Վրաստանից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց այդպես էլ չի հրաժարվում Իրանի տարածքում քրդերին հարվածելու մտքից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, բայց Իրաքի հյուսիսում երբ ցանկանա ռազմական գործողություններ է իրականացնում։ Իսկ Լիբիայի և Սիրիայի մասին չխոսեմ, դրա մասին բազմիցս եմ ասել։
Լավ հարաբերություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ Թուրքիան անգամ լավ հարաբերություն չունի Ադրբեջանի հետ։ Իրենց հարաբերությունները սկսվում են հայերի դեմ ռազմական գործողություններով և ավարտվում Ադրբեջանն ամբողջապես թուրքաֆիկացնելու տենդեցով։ Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը։ Թուրքիան ամեն գնով կփորձի տիրանալ Ադրբեջանին, ինչը թույլ չեն տա այն երկրները, որոնք բիզնես շահեր ունեն Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, բայց դե Թուրքիայի համար կա մեկ միջոց՝ պատերազմ, որ հասնի իր նպատակին։
Շարունակությունը՝ այստեղ