«Հայաստանի օրեր»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում. ներկայացվել են հայկական մշակութային արժեքները
CultureՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարեւելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը: Նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման եւ ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:
Բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, ով կարեւորել է Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ իրազեկման, ինչպես նաեւ Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցության եւ համագործակցության առումով՝ ընդգծելով հայ-բուլղարական դեռեւս միջնադարից եկող պատմական ու մշակութային առնչությունները:
Տեղափոխությունների ընթացքում Բուլղարիայում հաստատվել են տարբեր մասնագիտությունների տեր հայ արհեստավորներ, որոնք իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում ոչ միայն պահպանել են հայկական մշակույթի բնորոշ տարրերը, այլեւ մեծ ներդրում են ունեցել տեղական մշակութային ժառանգության պահպանության եւ մշակութային փոխազդեցությունների գործընթացներում: Որպես քրիստոնյա մշակույթի կրողներ՝ առկա են հայ-բուլղարական ընդհանրություններ` կապված տոների, հավատալիքների եւ սովորույթների, ուտեստի մշակման ավանդական եղանակների եւ հացի պաշտամունքի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.), «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները» (2019 թ.), «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020 թ.) տարրերը: