Օրենքով գողը» հրաժարվել է կարգավիճակից եւ երդվել դատավորին եւ «բոլոր սրբերին»
Լիպեցկի շրջանային դատարանում բնիկ վրացի Թենգիզ Գիգիբերիա, ով մեղադրվում է ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու մասին») հրաժարվել է «օրենքով գողի» կարգավիճակից եւ երդվել դատավորին եւ «բոլոր սրբերին» վերջ դնել հանցավորություններին եւ վերադառնալ ընտանիք, հաղորդում է Gorod48-ը:
Թերթի տվյալներով՝ քննության ընթացքում գործի ֆիգուրանտ, քրեական աշխարհում առավել հայտնի որպես Թենգո Փոթիյսկին չէր ճանաչում մեղքն ու հրաժարվում էր ցուցմունք տալուց:
Դիմելով դատավորին՝ նա ասել է. «Ձերդ գերազանցություն, ես համաձայն եմ, որ ամեն ինչ ճիշտ է, ես ընդունում եմ իմ մեղքը: 1996 թվականից թագադրվել եմ որպես «օրենքով գող»: Մեղքս ճանաչում եմ, պատժեք ինձ: Խնդրում եմ ամեն ինչ արագ անել, իմ համար ծանր է, վկաներ կանչելու անհրաժեշտություն չկա»:
Դատապարտյալը պատմել է, որ «օրենքով գող» է դարձել 2019 թվականի ապրիլին, սակայն ոչ մի կերպ չի օգտվել իր կարգավիճակից, ոչ ոքի քրեական տիտղոսներ չի տվել, չի մասնակցել դատապարտյալների միջեւ կոնֆլիկտների լուծմանը: Թենգոն նաեւ պատմել է իր «կարգավիճակային դաջվածքների» մասին, որոնցից մեկը՝ «Իմ տունը բանտն է», սակայն, նրա խոսքով, ինքը չի իմացել, թե դրանք ինչ են նշանակում: Գիգիբերիան 17 տարի բանտում է անցկացրել զենք ապօրինի պահման, ավազակության եւ սպանության համար: Նրա խոսքով՝ այն պահից ի վեր, ինչ դուրս է եկել «հակագողական» օրենքը, նա մտածում է միայն ազատվելու մասին: Դատավորը հարցրել է, թե ինչպես է տեղի ունենում «թագազրկումը»,ինչին նա պատասխանել է. «Կամ ինչ-որ մեկն ասում է, որ դու գող չես, կամ էլ դու ինքդ ես ասում»:
«Ես պատրաստվում էի դա անել, երբ ազատվեմ: Ես ցանկանում էի տեսնել գողերին: Ես ցանկանում էի ազատվել եւ զբաղվել իմգործերով: Եթե ինչ-որ հրաշք տեղի ունենա, եւ ես ազատվեմ, ես խոստանում եմ, որ այլեւս չեմ զբաղվի հանցավոր գործունեությամբ եւ կապրեմ իմ ընտանիքի հետ: Ձերդ գերազանցություն, ես կարգապահ մարդ եմ եւ երդվում եմ բոլոր սրբերին»,-ասել է դատապարտյալը:
Թենգո Փոթիյսկուն սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: