Հայաստանում տեղի ունեցած դաժան սպանության նոր մանրամասները․ սպանվողը նոր էր վերադարձել սահմանից (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում գործող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում: Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծիրանի այգի» ռեստորանային համալիր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանն էր: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրում մարմնական վնասվածք է ստացել նաև Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սահակ Կարապետանը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության և Կոտայքի քննչական բաժնի քննիչների գլխավորությամբ: Քննչական խումբը ղեկավարում են Ս. Ավագյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, գիտեն նաև սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորի կյանքը հնարավոր է եղել փրկել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ճիշտ առաջին անհրաժեշտության բժշկական օգնություն ցուցաբերելու արդյունքում, իսկ ճանապարհին մահացածին ռեստորանի աշխատակիցներն են նկատել դրսում՝ արդեն վիրավոր վիճակում, և նրան էլ են առաջին բուժօգնութունը ցուցաբերել, ապա ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ճանապարհին նկատել են շտապօգնության ավտոմեքենա և տեղափոխել են շտապօգնության մեքենայի մեջ, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացած Թ. Մարտիրոսյանը ծառայություն էր անցկացնում առաջնագծում, նոր էր վերադարձել դիրքերից և աշխատանքի անցել ժամանցի ծառայություններ մատուցող ընկերություններից մեկում:
https://mediaroom.am/armenia/artakarg/item/20904-2021-02-07-13-11-56.html