Մտածում էի՝ մեդալիոնս պաշտպանելու էր նրան, սակայն հենց դրա միջոցով ճանաչեցինք ամուսնուս անշնչացած մարմինը
Չնայած զորակոչի ժամանակ Սամվելին չհաջողվեց մեկնել մարտադաշտ, սակայն խղճի խայթը անդադար տանջում էր նրան։ Նրա հայրը վաղուց էր մահացած, տան միակ տղամարդը նա էր, ով պատասխանատու էր ամբողջ ընտանիքի համար։ «Ամեն երեկո, երբ գործից գալիս էր տուն, նյարդային վիճակում էր, հետը խոսել չէր լինում։ Ասում էր՝ մեր տղերքին էնտեղ կոտորում են, իսկ ես դեռ էստեղ եմ»,- պատմում է Հեղինեն՝ Սամվել Պոչիկյանի կինը։ Շուտով Սամվելն իրեն տանջող երկմտանքը հաղթահարում է և կայացնում ճակատագրական որոշում՝ ընտանիքը սուրբ է, բայց հայրենիքի նկատմամբ պարտքն էլ է սրբազան և պետք է անհապաղ կանգնել զինվոր եղբայրների կողքին։ Անգամ այդ բախտորոշ պահին հերոսը չի կորցրել իր հումորի զգացումը, եղել է անսահման լավատես, համոզված է եղել, որ անպայման հետ է վերադառնալու։ «Եթե չվերադառնամ նույնիսկ, կինս շատ աշխատասեր է, կաշխատի՝ ընտանիքս կպահի», – կատակել է Սամվելը՝ չպատկերացնելով, որ իր խոսքերը մի օր դառնալու են իրականություն։ Հրաժեշտի ժամանակ կինը Հիսուս Քրիստոսի պատկերով մեդալիոն է նվիրել ամուսնուն։