Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան
PoliticsԱնգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։ Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ:
Հարկ է նշել, որ ժամանակակից պատերազմի պայմաններում շատ ավելի կարևոր է դարձել ոչ թե առկա սպառազինության կարգավիճակն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, այլ քո դեմ սկսված ագրեսիան հակառակորդի համար երկարատև, ծախսատար և անկանխատեսելի դարձնելու քո իսկ կարողությունը։
Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» (deterrence by denial) հայեցակարգը, որի նպատակն ավելի ուժեղ պետությանը բաց հակամարտության մեջ հաղթելը չէ, այլ նրան արագ և էժան հաջողության հասնելու հնարավորությունից զրկելը։ Ռազմավարական իմաստով սա այնպիսի պաշտպանական մոտեցում է, երբ պետությունը ձգտում է ոչ թե սպառնալ հակառակորդին մեծ պատժով կամ հակահարվածով, այլ այնպես կազմակերպել իր պաշտպանությունը, որ հակառակորդը վերջնարդյունքում չկարողանա հասնել իր նպատակներին։
Ուկրաինան, Թայվանը, Ֆինլանդիան, նաև Իրանը ներկայացնում են այս մոտեցման իրականացման տարբեր օրինակներ։
Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։
Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։
Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։
Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։
Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։
Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։
Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։
Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։
Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին։