Արցախյան հակամարտության կարգավորման ինչ առաջարկներ են դրված սեղանին
PoliticsԱրցախում մեկ ամսից ավելի է` շարունակվում են ռազմական գործողությունները: Դրանց զուգահեռ հակամարտության կարգավորման տարբեր մեխանիզմներ են առաջ քաշվում: Այս պահի դրությամբ համակարտության կարգավորման առաջարկներ են ներկայացրել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իրանը: Այդ առաջարկները ունեն ինչպես ակնհայտ նմանություններ, այնպես էլ աչքի զառնվող տարբերություններ:
Դիցուք՝ Իրանն առաջարկում է հարցը լուծել տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում, Թուրքիայի` դուրս հանելով Ֆրանսիային ու ԱՄՆ-ին` թողնելով միայն Ռուսաստանը: Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում խոսեց նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Այս առաջարկը ավելի շատ ուղղված է Իրանի շահերի սպասարկմանը, քանի որ այսպիսով Իրանը կարող էր դուրս գալ դիվանագիտական շրջափակումից և դառնալ տարածաշրջանային լուրջ խաղացող՝ ներգրավվելով հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Մյուս կողմից, Իրանի ներգրավումը բխում էր նաև ՌԴ շահերից, քանի որ Իրանի միջոցով հնարավոր է սահմանափակել Թուրքիայի՝ տարածաշրջանում մանեվրելու հնարավորությունները:
Ռուսաստանն առաջարկեց Ադրբեջանին հանձնել 5, այնուհետև 2 շրջանները: ՌԴ նախագահը պնդեց, որ բանակցությունները պիտի շարունակվեն ընթանալ եռանախագահող երկրների մակարդակով, սակայն նույնպես առաջարկեց ներգրավել Թուրքիային: Նա նաև հավելեց, որ և ադրբեջանական, և հայկական կողմերն իրենց համար հարազատ են: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են կրակի դադարեցման վերահսկողություն ապահովել Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին խոսքը պատկանում է հակամարտության կողմերին: Այս առումով, Հայաստանը վարչապետի մակարդակով հայտարարել էր, որ Հայաստանի համար ընդունելի է ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում, սակայն 5, այնուհետև 2 շրջանների հանձնման տարբերակը, որը ի դեպ առաջին անգամ չէ, որ հնչում է հակամարտության կարգավորման ողջ պատմության ընթացքում, պաշտոնական Երևանի կողմից փաստացի մերժվել է:
Միացյալ Նահանգներն, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահները չպետք է հարևան երկրներից լինեն, առաջարկել է սկանդինավյան երկրների խաղաղապահներին տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանն ասել է. «Թուրքիայի միջնորդության կամ խաղաղության ցանկացած դեր այս գործընթացում անընդունելի է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»: «Մենք հավատում ենք, որ Լ հակամարտության երկու երկրներն էլ պետք է ընդունեն սկանդինավյան երկրների խաղաղապահների գաղափարը: Մենք աշխատում ենք Սկանդինավիայի կառավարությունների հետ խաղաղապահ ուժեր ստեղծելու ուղղությամբ, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում հրադադարի ռեժիմը պահպանելու համար» - ասել է Օ'Բրայանը:
Հասկանալի է, որ այս տարբերակն էլ որևէ կերպ ընդունելի չի լինի ՌԴ-ի և Իրանի համար, քանի որ սկանդինավյան երկրները՝ Դանիա, Նորվեգիա , Իսլանդիա, հանդիսանում են ՆԱՏՕ անդամ պետություններ և նույն Իրանը որևէ պարագայում իր ռազմավարական շահերի գոտում չի հանդուրծի այս կառույցի ներկայությունը; Նույնը կարելի է ասել նաև Մոսկվայի վերաբերյալ: Հայաստանի համար այս մոտեցումը նույնպես դժվար թե ընդունելի լինի` հաշվի առնելով, որ ՆԱՏՕ անդամ է նաև այս պատերազմը Իլհամ Ալիևի ձեռքով սանձահարած Թուրքիան:
Միակ ընդհանուր մոտեցումը, որը կարելի է առանձնացնել այս երեք կողմերի մոտ էլ, դա տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը բացառելու պահանջն էր և մտահոգությունը Թուրքիայի կողմից Արցախ վարձկան գրոհայիններին տեղափոխելու կապակցությամբ: Այս խնդիրը հատկապես զգայական է ՌԴ և Իրանի համար և դրանով է նաև պայմանավորված ՌԴ-ի կողմից Սիրիայում ահաբեկիչների կայաններին հասցված ավիահարվածները և Իրանում մեկնարկած լայնածավալ զորավարժությունները…