Հայտնի է, թե ով է փոխարինելու Մանե Թանդիլյանին ԱԺ-ում
PoliticsԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ժամեր առաջ հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա զբաղեցնում էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը և այժմ ԼՀ խմբակցությունը նոր թեկնածու է առաջադրելու այդ պաշտոնի համար
Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում: Թանդիլյանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։ Նարեկ Կիրակոսյան