Թրամփը կարծում է, որ համավարակն ԱՄՆ-ում նահանջում է
PoliticsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է, որ երկրում կորոնավիրուսային համավարակը նահանջում է։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում երկրում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է մոտ 6 տոկոսով։
Խոսելով երկրի հարավում և արևմուտքում հիվանդության տարածման էպիկենտրոնների մասին՝ պետության ղեկավարը նշել է այնտեղ դիտվող բարելավումների մասին։ Արիզոնայում շաբաթվա ցուցանիշները նվազել են 37 տոկոսով, Տեխասում՝ 18․7 տոկոսով, Ֆլորիդայում՝ 21․2 տոկոսով։ Թրամփը հավելել է, որ 18 նահանգներում Քովիդ-19-ի տարածման տեմպը նախկինի պես ցածր է մնում։
Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հնչել է ընդամենը 1 օր անց այն բանից, երբ կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Դեբորա Բիրքսը նախազգուշացրել էր երկրում վիրուսի տարածման չափազանց բարձր մակարդակի և նաև այն մասին, որ ԱՄՆ-ը մտնում է պանդեմիայի նոր փուլ։
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ի հայտ է բերվել ավելի քան 4․7 մլն դեպք, ավելի քան 155․3 հազար մարդ մահացել է։