Հերթական անլուրջ արշավը․ «Լազարյան ակումբ»-ի հայտարարությունների հետքերով
PoliticsՎերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները որքան էլ դրական երևույթ են և իշխանափոխության արդարացի հույսեր են արթնացրել, չեն հավակնում դառնալ վերջին քաղաքական պայքարը կամ ճշմարտության ամենավերին ատյանը։ Ի վերջո, քաղաքական ուժերը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և այդ համատեքստում պետականությունը փրկելու նվազագույնը տեսական հնարավորություններ՝ մի կողմ են դրել տարաձայնությունները և աջակցում են Բագրատ Սրբազանի շարժմանը։ Սակայն, այս ամենին զուգահեռ կուսակցությունները, քաղաքական ուժերը շարունակում են քաղաքական կոնսուլտացիաները, գործիքակազմերի փնտրտուքները, ինչը ևս դրական, ավելին, ողջունելի գործընթաց է․ իշխանափոխության պրոցեսը չի կարող լճանալ մեկ գործողության կամ անձի շուրջ։
Մամուլի առանձին միջոցների կամ նրանց ղեկավարների համար սա կամ անհասկանալի է, կամ ստեղծված բարդագույն իրավիճակում տարատեսակ ինտրիգներ հյուսելու և քաղաքական գործիչներին վարկաբեկելու փորձերն ավելի գայթակղիչ են։ Ինչևէ, առայժմ զերծ մնալով այդ անձանց քաղաքական շահերը փնտրելու և հանրայնացնելու գայթակղությունից՝ անդրադառնանք նրանց կողմից համացանց նետված լուրերին, թե Մոսկվայում կայացած ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբ»-ի նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, մինչ մյուսներն այս կամ այն կերպ իրենց աջակցությունն են հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, անուղղակի հայտարարել է, թե ինքը պետք է առաջնորդի պայքարը և հոգևորականին պետք չէ վստահել երկրի ղեկը:
Մի կողմ թողնենք այն, որ ակումբները ներքին քննարկումների հարթակ են, որտեղ կարող են հնչել տասնյակ իրար հակադիր կարծիքներ, անդրադառնանք Արշակ Կարապետյանի կարծիքին, որը, ըստ էության, նորություն չէ․ դրանից առաջ Կարապետյանը ռուսական հեղինակավոր ռադիոկայանի եթերում ասել էր, որ չի կարելի լրագրողին փոխարինել հոգևորականով, քանի որ սա պետության ապագայի խնդիր է։ Արշակ Կարապետյանը, ըստ էության, Բագրատ Սրբազանին առաջարկել էր իշխանափոխության մոդերատորի դեր, ինչը, ըստ էության, անուղղակի կերպով ընդունել է նաև Բագրատ Սրբազանը, հայտարարելով, որ հավակնում է միայն անցումային կառավարության վարչապետի դերին, մինչև ընտրություններով նոր իշխանություն կձևավորվի։ Այստեղ, Արշակ Կարապետյանի հայտարարությունների ու Բագրատ Սրբազանի գործողությունների միջև որևէ տարաձայնություն չկա, նամանավանդ, որ Կարապետյանի ղեկավարած Համահայկական ճակատն անվերապահորեն աջակցում է ընթացող գործընթացներին։ Ավելին, մեր տեղեկություններով, թե Ճակատի, թե համանուն կուսակցության համակիրներն ակտիվ մասնակցություն են ունենալու նաև առաջիկա հանրահավաքին։
Ինչ վերաբերվում է Արշակ Կարապետյանի քաղաքական դերակատարությանը․ դեռևս Բագրատ Սրբազանի շարժման որևէ նախադրյալ անգամ չկար, երբ Կարապետյանն արդեն ձեռնոց էր նետել գործող վարչախմբին՝ միավորելով տասնյակ հասարակական-քաղաքական ուժերի, հազարավոր քաղաքացիների՝ Համահայկական ճակատի ներքո։ Այդ մարդկանց պայքարը ոչ մի օր չի դադարել, ավելին, նրանք այժմ լիովին աջակցում են ընթացող պրոցեսներին, բայց դա չի նշանակում, որ այդ հակաիշխանական գործողություններով քաղաքական կյանքը կանգ է առել և որևէ մեկն այլևս քաղաքական գործունեություն չպետք է ծավալի։
Ինչ վերաբերվում է քաղաքական մաշված պերսոնաժների կողմից համացանցային պարբերական նմանատիպ ցեխարձակումներին՝ թող ընթերցողը պարզապես զանազանի՝ դա լուսանցքում հայտնված գործիչների կողմից իրենց վրա ուշադրություն սևեռելու խղճուկ փորձ է, թե քաղաքական գործիչների դեմ իրականացվող հերթական անլուրջ արշավն է։
Ժամանակը կգա՝ երևի բոլորը կիմանան։ Ըստ անհրաժեշտության։