Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման գործընթացում. Բաքվում ՌԴ դեսպան
PoliticsՌուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այս մասին Բաքվում լույս տեսնող «Ուտրո» ռուսալեզու ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, գրում է ՏԱՍՍ-ը:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շարունակական գործընթացին, կարծում ենք, որ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխադարձաբար ընդունելի», - ասել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։
«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- նշել է դեսպանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ Եվդոկիմովն ասել է, որ դա կախված կլինի Երևանի և Բաքվի քաղաքական կամքից։
«Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», - եզրափակել է նա: