Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն հայտնել ենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները։
Իրանական ԶԼՄ-ները մայիսի 19-ին հաղորդել էին, որ Ռայիսիին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Փրկարարները ժամանել էին արտակարգ պատահարի վայր և իրականացնում էին որոնողական աշխատանքներ։
Ի՞նչ զարգացումներ սպասել տարածաշրջանում։ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Խալաթյանի հետ։
- Պարո՛ն Խալաթյան, ի՞նչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում այս ողբերգությունից հետո, արդյո՞ք ցնցումներ կլինեն՝ հաշվի առնելով նաև այն խոսակցությունները, որ կատարվածը գուցե դժբախտ պատահար չէր:
- Նախ պետք է սպասել պաշտոնական տեղեկատվության, թեև իմ կարծիքով, դժվար թե հայտարարվի, որ դա ահաբեկչական ակտ էր։ Շատ հավանական է, որ պարսկական կողմը կհայտարարի, որ դա դժբախտ պատահար էր։ Այդ պայմաններում չեմ սպասում, որ լուրջ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, քանի որ Իրանում քաղաքական համակարգն այնպիսին է, որ այնտեղ անհատներից քիչ բան է կախված։ Առավել ևս, որ այնտեղ առաջին դեմքը հոգևոր առաջնորդն է, իսկ նախագահը փաստացի վարչապետն է։ Այդ պայմաններում դժվար որևէ լուրջ բան փոխվի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։
- Հնարավոր համարո՞ւմ եք, որ փաստացի այս պահին գլխատված երկիրը դառնա թիրախ, և որոշակի գործողություններ լինեն, որոնց մեջ, ուզես, թե չուզես, կներգրավվի նաև Հայաստանը:
- Պետք է նշել, որ Իրանը հակամարտության մեջ է ԱՄՆ-ի և հատկապես Իսրայելի հետ։ Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակումը կարող ենք հիշել։ Դժվար թե նախագահի զոհվելուց հետո որևէ բան ավելի կտրուկ զարգացում ունենա։ Քանի որ այն, ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու Իսրայելը, արդեն իսկ անում են։ Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնն այս պահին չի ուզում խոշոր ռազմական էսկալացիայի գնալ Իրանի դեմ, ու չեմ կարծում, որ Իրանի նախագահի մահը կարող է դառնալ մեծ պատերազմի հիմք։ Իսկ եթե ռազմական կոնֆլիկտ լինի, դա անկասկած կանդրադառնա նաև Հայաստանի վրա։ Բայց էլի կրկնեմ՝ չեմ կարծում, որ հիմա էսկալացիա կլինի։
- Ըստ էության, Ռայիսին Ալիևի հետ հանդիպմանը խոսել էր վերջինիս կողմից տարածքային ամբողջականությունը վերականգնելու և դրա շնորհիվ համատեղ ինչ-որ ծրագրերի մասին: Սա արդյո՞ք տեղավորվում է Իրանի այն հայտարարությունների մեջ, որ տարիներ շարունակ հնչում են, թե Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն: Բայց, փաստացի, չորս տարի է ՀՀ սահմանները շարունակ փոփոխվում են:
- Իրանի նախագահը որևէ նոր բան չի ասել, նա միշտ տարածքային ամբողջականության կողմնակից է եղել, թե՛ Հայաստանի հետ կապված, թե՛ Ադրբեջանի։ Պետք չէ մոռանալ, որ մինչև 44-օրյա պատերազմ էլ Իրանը պաշտոնապես պաշտպանում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը։ Իրանը միշտ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի հետ, նույնիսկ պատերազմից հետո առևտրաշրջանառություն կար նաև Արցախի հետ, որից դժգոհ էր Բաքուն։ Այդ պատճառով, չեմ կարծում, որ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ կփոխվի՝ հաշվի առնելով, որ Թեհրանը միևնույն է՝ դեմ է լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Բացի այդ, Թեհրանը խիստ բացասական է վերաբերում Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս հարցերում որևէ փոփոխություն չկա։ Այլ հարց է, թե ինչպես Թեհրանը կվերաբերի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների սերտացմանը։ Հատկապես, որ մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում այլ խաղացողների ներգրավմանը։ Այսինքն՝ եվրոպական մոնիթորինգային համակարգի ներդրմանը դեմ է Իրանը, ու չի բացառվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն համոզել, որ Թեհրանը չխոչընդոտի իրենց քայլերին՝ վստահեցնելով, թե, իբր, հաշվի կառնեն Իրանի շահերը տարածաշրջանում։ Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ արդյունք կտա այդ քաղաքականությունը։
Նարե Գնունի
Առավել մանրամասն` այստեղ.