Վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել Միհրան Պողոսյանի դեմ
PoliticsՓաշինյանական վարչախումբը իրավական և քաղաքական տեռոր է սկսել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի, նրա ընտանիքի, կուսակիցների և գործընկերների դեմ։
Մի քանի օր շարունակ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններում, ընդ որում, ըստ ականատեսների՝ չափազանց կոշտ մեթոդներով, վնասելով գույքն ու ապրանքը և ձերբակալություններ իրականացնելով։ Այս ամենը տեղի է ունենում Միհրան Պողոսյանի քաղաքական ակտիվության ֆոնին։ Ռուսաստանում գտնվող և հետախուզվող Միհրան Պողոսյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու և փաշինյանական վարչախմբի դեմ ակտիվ պայքար մղելու մտադրության մասին, իսկ նրա կուսակցության ներկայացուցիչներն էլ վերջին օրերին մասնակցել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։
Ինչպես և սպասելի էր, վարչախումբն արձագանքում է չափազանց կոշտ։
Օրեր առաջ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել կուսակցության գրասենյակում, առգրավել տեխնիկան և համակարգիչները։
ՊԵԿ-ի աշխատակիցները նաև մտել են Պողոսյանին պատկանող ընկերություններ, մի դեպքում էլ, նույնիսկ, իբր ստուգման նպատակով, ընկերություններից մեկի ներկրած բանանի արկղերը շարել են արևի տակ՝ այս կերպ խոշոր նյութական վնաս պատճառելով և փչացնելով ամբողջ խմբաքանակը։ Կազմակերպություններից մեկի տնօրենն էլ ձերբակալվել է։
Ակնհայտորեն իշխանությունը լուրջ մտահոգություններ ունի թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ մյուս ընդդիմադիր առաջնորդների քաղաքական ակտիվության կապակցությամբ։ Երկար ժամանակ, ինչ Պողոսյանը գտնվում էր Ռուսաստանում և չէր մասնակցում քաղաքական գործընթացներին, նրան որևէ մեկը չէր անհանգստացնում, իսկ երբ ակտիվություն ցուցաբերեց` անմիջապես հայտնվեց իշխանությունների թիրախում:
Արտակ Մանուչարյան