Արարատ Միրզոյանի ձախողումը
PoliticsԱզգային ժողովում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ընդդիմության բանավեճը հերթական անգամ վկայեց գործող իշխանությունների նեղացկոտ և դիլետանտ բնույթը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե Հայաստանը լուրջ խնդիրների կարող է բախվել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասով, Արարատ Միրզոյանը քաղաքական գործչին անհարիր հարցադրում արեց. «Դուք ո՞ւմ կողմից եք, Հայստանի, թե ՀԱՊԿ-ի»։
Ի պատասխան Արմեն Ռուստամյանը նկատել էր, թե ինքն Ազգային ժողովի կողմից է և հարցերը տալիս է որպես Ազգային ժողովի պատգամավոր։
Մեկ այլ պատգամավոր էլ՝ Ագնեսա Խամոյանը, ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի գործող իշխանությունների վարքը նեղացած հարսի տրամաբանություն է որակել։
Լևոն Քոչարյանի գնհատականն ավելի խիստ էր, Հայաստանին համեմատել էր նեղացած կնոջ հետ, որը փորձում է բաժանվել իրեն դավաճանող ամուսնուց։
Ընդհանրապես խոսույթը, որ ձևավորվել է ընդդիմության և իշխանության միջև բացարձակապես հեռու է քաղաքական լինելուց։
Թե՛ խորհրդարանական ընդդիմությունը և թե՛ իշխանությունը, իրար հետ հարաբեվել, բանավիճել, քաղաքակիրթ հարցադրումներ և հարցապնդումներ անելու ընդունակություն չունեն, ինչը բնականաբար ծանր է ազդում Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա։
Առաջին հերթին սրա գլխավոր պատասխանատուն հենց իշխանությունն է, որն ամեն գնով դիսկուրսը պահում է նախկինների և ներկաների, ռուսամետների և արևմտամետների շրջանակներում՝ թույլ չտալով բնականոն զարգացում Հայաստանի Հանրապետությունում։
Մարինե Մակարյան