Յոթ երկրներ նախազգուշացրել են Ռուսաստանում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
PoliticsՄոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Նախազգուշացմանը միացել են Լատվիան, Հարավային Կորեան, Շվեդիան, Կանադան, Գերմանիան և Չեխիան, գրում է dw.com-ը։
Լատվիայի ԱԳՆ-ն, վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությունը, ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել և առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել Մոսկվայում զանգվածային հավաքներից։ Գերատեսչությունը նաև կոչ է արել Լատվիայի քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ «միջազգային անվտանգության ոլորտում լարված իրավիճակի պատճառով»։
Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, ինչպես նաև զգուշացրել են ահաբեկչական հարձակման վտանգի մասին։ Նման նախազգուշացում է արել նաև Ռուսաստանում Հարավային Կորեայի դեսպանատունը։ Շվեդիայի դեսպանատների և հյուպատոսությունների կայքում հայտնվել է նախազգուշացում, ըստ որի երկրի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Ռուսաստան «տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով», իսկ Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հատուկ զգուշանալ և խուսափել մարդաշատ վայրերից «Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում ծայրահեղական խմբավորումների հնարավոր հարձակումների մասին հայտնված տեղեկությունների պատճառով»:
Իր հերթին, Գերմանիայի ԱԳՆ-ն թարմացրել է Ռուսաստանի Դաշնություն մեկնելու վերաբերյալ առաջարկությունները խստորեն խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հրաժարվել դրանցից:
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր էր ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն են զգուշացրել վտանգի մասին։ Բացի այդ, Պետդեպարտամենտը առավելագույնի է բարձրացրել Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը։
Հայկ Մինասյան