Մեր օրերում առավել քան կարևոր է սեփական լեզուն կիրառելը, անաղարտ պահելը․ Նաիրի Սարգսյան
PoliticsԱուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Մայրենի լեզվի օրը, խոսել մեր մայրենի լեզվի կարևորության մասին։ Այսօր աշխարհը տոնում է Մայրենի լեզվի օրը։ Հրապարակման մեջ ասվում է․
«Դեռրևս 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մեր մայրենին՝ հայերենը, մեծ պատմություն ունի, պայքարի, մաքառման ճանապարհ է անցել, սակայն մնացել է անառիկ՝ որպես մեր ինքնության ու մեր տեսակի պահպանման ամենահզոր միջոցներից մեկը:
Մեր օրերում, երբ ամեն հայկականը կանգնած է վտանգի, հալածանքի, մերժման, կորսման վտանգի տակ, առավել քան կարևոր է սեփական լեզուն փայփայելը, այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ օժտված լինելը, սեփական լեզուն կիրառելը, որպես հայապահպանության ամենակարևոր միջոցներից մեկը դիտարկելը։
Փայփայենք մեր լեզուն, զարգացնենք մեր ոսկեղենիկը, և յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք այն մաքուր, անաղարտ ու գեղեցիկ պահպանելու գործում, գիտակցենք ու գնահատենք մեզ բաժին հասած երջանկությունը, քանզի ինչպես Ավետիք Իսահակյանն է գրել. «Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու: Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք»»: