Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն
Politics
Հայաստանի Սահմանադրությունն ամեն գնով փոխելու և Ադրբեջանի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելու համար Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն, հայտարարություններն էլ անում են նույն սինխրոնությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության խախտման» վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանդրության մեջ։ Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը փորձում է այս կերպ իր սեփական նարատիվները տարածել Հայաստանի ներքաղաքական կյանքում, մինչդեռ դրա կարիքը նույնիսկ չուներ, ադրբեջանական նարատիվները ոչ պակաս հաջողությամբ տարածում է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ վերջնականապես խոստովանել է, որ սահմանադրական փոփոխությունները հենց արտաքին ճնշման և ուժի սպառնալիքի պատճառով է։ «Պատկերացրեք երկուսով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք ճանապարհի եզրին ցլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և պետք է որոշում կայացնենք, ի դեպ այդ շորն ինձ համար գործել է տատիկս։ Բարդ ճանապարհ, պետք է որոշում կայացնենք, պետք է այդ ճանապարհն անցնենք»։ Բառերի մի ամբողջ կույտ է դուրս տվել Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Ադրբեջանի պահանջով։
Այս դեպքում ուղղակի պետք է մտահոգվել հենց «Փաշինյանի առողջության համար»։ Ալիևին ցլի հետ համեմատելու դեպքում, արդյոք որևէ վերելակում մեկ-երկու ապտակ չի ուտի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրությամբ 4-րդ հանրապետություն ստեղծել, ստեղծել պարտության, դեպրեսիայի, անկումների, արժեհամակարգային բացակայության և մասնագիտական անհամապատասխանության ու ապիկարության հիման վրա։ 3-րդ հանրապետությունն արդեն գոյություն ունի 33 տարի, Փաշինյանի իշխանության ժամանակը չհաշված՝ ապրել է արժանապատիվ, հաղթանակած։ Այժմ Փաշինյանը ցանկանում է իր անարժանապատիվ պաշտոնավարումը տարածել նաև Հայաստանի հետագա ընթացքի վրա։
Լուսինե Մուրադյան