Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունն արթնանա. Արմեն Աշոտյան
PoliticsՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հանրության հետ շփումը. «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում նա օրերս պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հարցերին, արձագանքել մտահոգություններին։
ՀՀԿ փոխնախագահին հարց է ուղղել նաև քաղաքացի Գայանե Մանուչարյանը՝ մասնավորապես նշելով. «Արմեն ջան, ես տարիքով կին եմ: Անկեղծ եմ ասում՝ մեր գյուղում ոչ ոք Նիկոլին չի աջակցում, բոլորը նրա դեմ են, այ մենք ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ չենք շարժվում, մինչև ե՞րբ են էսպես մնալու»։
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նկատել է. «Այս հարցին տարբեր առիթներով անդրադարձել եմ։ Հակիրճ կրկնեմ, որ Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունը արթնանա։ Այդ ժամանակ քաղաքական գործընթացներն առավել արդյունավետ կլինեն, քանզի երբ հասկանանք, թե ինչն է կարևոր և ինչ ենք ուզում, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ անել և ումով անել»: