Փաշինյանի «ինքնիշխանականության» փուչիկը
PoliticsԵրասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության՝ դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։
Այս տեղեկատվությունն ամբողջովին բացահայտում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, թեզերի սնանկությունը:
Մի կողմից, ամբողջ օրը թմբկահարվում է Ադրբեջանի հետ վստահություն ձևավորելու քաղաքականության հաջողության մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանը փաստորեն իր կրակոցների պարտադրանքով ազդում է Հայաստանի կառավարության քաղաքականության վրա, ընդ որում՝ Հայաստանի սահմաններից ներս, Փաշինյանի սիրած 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես անկախության շարժման ռահվիրա, բայց նույնիսկ իր երկրի տարածքում չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առաջնորդվելով Ալիևի «ճաշակով»:
Իշխանությունները շարունակ պնդում են, ընդ որում՝ հակառուսականության թեզերով, թե ԵՄ դիտորդական առաքելությունը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ իրական հողի վրա դիտորդներն ընդամենն ապահովում են գործարանի անվտանգ էվակուացիան Երասխից:
Սա է Փաշինյանի պատկերացումն ինքնիշխանականության և անվտանգության մասին:
Վահրամ Բագրատյան