Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը
PoliticsՀարգելի՛ հայրենակիցներ,
Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը։
Դեկտեմբերի 4-ին նախատեսված է մեր ներկայացրած նախագծի քննարկումը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահը, առանց որևէ պատճառ մատնանշելու, արգելել է, որ նախագիծը ներկայացնող լիազորված անձի հետ մեկտեղ՝ հանձնաժողովի նիստին մասնակցի նախաձեռնող խմբի ևս մեկ ներկայացուցիչ՝ որպես համազեկուցող։
Ընդգծում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը (հոդված 14 և 15) ոչ միայն չի արգելում ԱԺ հանձնաժողովում մեկից ավելի զեկուցողի հանդես գալը, այլև հնարավորություն է տալիս (հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ), որ նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք նույնպես կարողանան ելույթ ունենալ։
Այս հակաժողովրդավարական քայլը շարունակությունն է 2023 թ․ ամռան ընթացքում «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ նախաձեռնության նկատմամբ գործադրված վարչական, քարոզչական ճնշումների ու ապօրինությունների։
Ի հավելումն դրա՝ արդեն ԱԺ օրինագծի մուտքագրումից հետո մեր նախաձեռնության անդամների անհատական դիմումները ՔՊ-ական պատգամավորներին՝ հանդիպման խնդրանքով, մնացել են անարձագանք։ ՔՊ-ական որևէ պատգամավոր չէր ներկայացել նաև քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրակարգային հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումներին։
Դատապարտում ենք հանձնաժողովի չհիմնավորված ու չպատճառաբանված որոշումը և ակնկալում այս հակաիրավական կեցվածքի շուտափույթ վերանայում։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն