Պարտվածի սինդրոմից գետինը պիտի բացեիր, մտնեիր մեջն ու էլ երբեք դուրս չգայիր. Աննա Կոստանյան
PoliticsԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թերթում եմ երեք տարի առաջվա արխիվս՝ ԱԺ ելույթներ, նկարներ, տարբեր մարդկանց հետ տարբեր հանդիպումներ, խոսակցություններ․․․Ինչքան բան տեսանք, լսեցինք, ապրեցինք, խոսեցինք, լռեցինք, գլուխներս պատով տվեցինք․․․ Էսօր էլի նույն կոտրած տաշտակի առաջ ենք՝ ջարդված ողնաշարով, քանդված ներկայով ու մշուշոտ ապագայով։
Փողոցում տարբեր մարդիկ՝ սովորական, անսովոր, պաշտոնավոր կամ ոչ, ուսադիրներով զինվորականներ․ առաջ ինչքան մեծ հարգանք ու ակնածանք կար նրանց հանդեպ, զինվորական համազգեստը մարդուն կերպարանափոխում էր, դարձնում ավելի ուժեղ, վեհ, անկոտրում, հաղթական, իսկ հիմա՞․․․ Հիմա մտածում եմ մարդիկ են՝ սովորական, կոտրված, դավաճանված, պարտված, նորմալ ա, մի ժամանակ կրեցինք, հիմա կրվեցինք, մի օր էլի կկրենք, բայց մեկ էլ լսում ես խոսակցությունները, ուզում ես պտտվես ասես՝ ինչի՞դ վրա ես էդքան հպարտ․․․ Մի ամբողջ բանակ կուլ գնաց նոյեմբերի 9-ի կապիտուլացիա ստորագրածի արկածախնդրությանն ու ազգային արժանապատվությունը նսեմացնող, հային ստորացնողին։ Դրա վրա՞ ես հպարտ, թե՞ երեկ Ստեփանակարետում դու էիր հաղթական շքերթ անցկացնում ․․․ Պարտվածի սինդրոմից գետինը պիտի բացեիր, մտնեիր մեջն ու էլ երբեք դուրս չգայիր։ Ու գիտե՞ս ինչու, որովհետև դեռ շարունակում ես ենթարկվել մեկին, ով քեզ հպատակեցման է տանում թուրքին։ Շատերն ինձ կքննադատեն էս տողերի համար, գիտեմ, որ հիմա ոգեշնչման ու գոտեպնդման խոսքեր պիտի գրեի, բայց չեմ կարող, չի ստացվի, քանզի իրականության հետ առերեսում պիտի լինի, պիտի ընդունենք, որ էսօր՝ նոյեմբերի 9-ին, հավաքական առումով հայ մարդու պարտության օրն է, որն ի կատար ածվեց ազգակործան մի պատուհասի ձեռամբ, բայց որին համակերպվեց մի ողջ ժողովուրդ։ Ու քանի մենք ինքներս մեզ ու հայկականությունը չենք վերաարժևորել, բարձրաձայն ընդունել մեր իսկ սխալներն և այն, որ մի ամբողջ պետություն մսխվեց մեր իսկ թողտվությամբ, միշտ գալու և կանգնելու ենք նույն պատմական կոտրած տաշտակի առաջ, անունը դնենք պայմանական Հայաստան, ինքներս մեզ խաբենք, թե պետություն ու պետականություն ունենք, մի 30-50 տարի (լավագույն ու ամենաիդեալական սցենարի դեպքում) ապրենք ու էլի մեր էշ խելքից կորցնենք, մինչև ի սպառ վերանանք։
Կներե՛ք ինձ, տղերք, հայոց բանակի երբեմնի փառապանծ սպաներ, մենք ձեզ էինք հավատում, ձեր ուժին էինք ապավինում, բայց պարտվեցիք, ու պարտվեցինք բոլորս, ու էդ պարտությունն էսքան ցավոտ չէր լինի, եթե դա չլիներ «մի խեղճ ու հարիֆ» (ես չեմ ասում, ժողովուրդս ա ասում) պատուհասի ձեռամբ, որին ենթարկվելու միտքն անգամ ստորացուցիչ է, ուր մնաց, թե դրա տված հրամանը կատարեք։ Ներե՛ք ինձ, հայոց ազգային բանակի վեհանձն տղամարդիկ, բայց դուք դեռ շարունակում եք ենթարկվել մեկի հրամաններին, ով անվերապահ հպատակեցման է տանում ձեզ թուրքին, իսկ դուք շարունակում եք ընդունել ու հարմարվել էս իրողությանը։ ՈՒ քանի այն չեք փոխել, շարունակելու եք մնալ պարտված բանակի սպաներ, ովքեր ուսադիրները հպարտությամբ կարող էին կրել մինչև 44-օրյան, լավագույն դեպքում մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը․․․
Ես դեռ հույս ունեմ տեսնել նոյեմբերի 9-ի վերափոխումն ու մեջքն ուղղած հայ զինվորականությանը․․․
Հույս ունեմ․․