Արա Աբրահամյանի ողջույնի ուղերձը՝ «Համշեն» ամենամյա փառատոնի մասնակիցներին
PoliticsՆոյեմբերի 7-ին Գագրայում տեղի է ունեցել հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» ամենամյա փառատոնը, որին մասնակցել է Աբխազիայի նախագահ Ասլան Բաժանիան, փոխնախագահ Բադրա Գունբան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փառատոնին ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը:
Հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ուղերձում ասվում է.
«Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ կողմից սրտանց ողջունում եմ «Համշեն» ամենամյա փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Առանց այս փառատոնի անհնար է պատկերացնել Աբխազիայի բազմազգ մշակութային գունապնակը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել Ապսի երկրի ճակատագիրն առանց համշենահայերի, քանի որ նրանք, իրենց ուրույն և հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ և հայրենանվիրությամբ հանդիսանում են այդ հասարակության անքակտելի մասը:
Այս հրաշալի տոնակատարությունն Աբխազիայի բոլոր բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս ծանոթանալ համշենահայերի մշակույթին, ավանդույթներին, խոհանոցին և արհեստներին: Համոզված եմ, որ «Համշեն» փառատոնը, որն ունի միավորող, բարոյական և քաղաքացիական որակներ դաստիարակող առաքելություն, այսուհետ էլ կտարածվի և կծառայի բարեկամության, խաղաղության և համաձայնության գաղափարներին՝ ի բարօրություն Աբխազիայի Հանրապետության և նրա ժողովրդի»: