Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի հանդեպ՝ Արցախի դեմ ագրեսիայի հետ կապված, նախազգուշացնելով, որ Բաքուն կարող է շուտով հարձակվել հենց Հայաստանի վրա, եթե Արեւմուտքը վճռական գործողություններ չձեռնարկի։ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Reuters-ի հետ զրույցում թվարկել է հնարավոր պատժամիջոցները, ինչպիսին են ադրբեջանական նավթի եւ գազի գների սահմանափակումը եւ Բաքվի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին ԵՄ բանակցությունների դադարեցումը։ Նա նաեւ Արեւմուտքին կոչ է արել Հայաստանին «վճռական» օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում։
«Ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլեւ շատ փորձագետներ, այդ թվում ԵՄ անդամ երկրներից, կարծում են, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է»,- ասել է Բալայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումներին չի կարելի վստահել։ Նա հիշեցրել է, որ եվրոպացի պաշտոնական անձինք հայտարարել են, որ նա խախտել է Արցախի դեմ չհարձակվելու խոստումները։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն Ալիեւի վրա ճնշում գործադրելու շատ գործիքներ ունի, եւ Արցախը բարձր գին է վճարել, որովհետեւ մինչեւ այժմ դրանցից ոչ մեկը չի օգտագործվել։ «Գործիքների այդ հավաքանին օգտագործելու... անկարողությունը հանգեցրեց 100-120 000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը, ներառյալ իմ սեփական ընտանիքը իր հայրենական հողերում»,- ասել է Բալայանը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները եւ միության անդամ երկրների շատ ղեկավարներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները։ Բայց ԵՄ-ն մինչեւ այժմ ի պատասխան ճգնաժամի քիչ բան է ձեռնարկել կոնկրետ միջոցների առումով՝ հումանիտար օգնություն հատկացնելուց բացի։
Ավելին` այստեղ