Երևանը բիզնես կենտրոնի է վերածվել և բոլորին հետաքրքրում են տեխնիկական խնդիրները․ Սուրեն Պետրոսյան
PoliticsՀանրային հեռուստաընկերության եթերում իրականացած, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճի ժամանակ այդպես էլ չքննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում են Երևանի տեսլականին, նկատեց Ժողովրդավարական համախմբում կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
«Ցավոք, մենք կրկին մնում ենք և շարունակելու ենք մնալ բաժինների մակարդակով։ Խնդրում եմ գործընկերներիս չմոռանալ, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և մենք դեռ այդ խնդիրներն ենք քննարկում։ Ինձ համար զարմանալի է, որ չկա մի խոսակցություն Երևանի տեսլականի մասին․ ի՞նչ ենք պատկերացնում, Երևանը մի քանի տարի հետո, ի՞նչ արժեքների կրող է լինելու, քանի որ Երևանի կառավարումը ենթադրում է խորքային փիլիսոփայաում, տեսլականի առկայություն, արժեքների գեներացում։ Այսօր Երևանը ինդուստրիալ և բիզնես կենտրոնի է վերածվել և, ցավոք, բոլորին հետաքրքրում են տեխնիկական խնդիրները, որ բաժնի պետը պետք է լուծի, ո՛չ թե համայն հայությունը լսի մեր բանավեճը, ամո՛թ է, չի կարելի», - եզրափակեց Սուրեն Պետրոսյանը։
Մինչ այդ նա իր խոսքում երկու անգամ նշել էր, որ տպավորություն է, ոչ թե քաղաքապետի կամ ավագանու ընտրություններ են, այլ կոմունալ բաժնի պետի, քանի որ տեխնիկական այնպիսի խնդիրներ են քննարկվում, որ պարզ վարչարարական խնդիրներ են և որևէ մեկը չունի գործիքակազմ չափելու, թե տրված խոստումների որ մասն են ունակ իրականություն դարձնել։