«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն Ավանում են (տեսանյութ)
Politics«Մայր Հայաստան» դաշինքն ավագանու ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը հստակ գնահատական է տալիս Փաշինյանի կործանարար եւ պետականաքանդ իշխանությանը, երբեք չի համագործակցել այդ իշխանության հետ եւ առաջարկում է ամբողջական իշխանափոխություն՝ հայտարարեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Ավան վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը։
«Փաշինյանը Հայաստանը դրել է ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հակադրության մեջտեղում. սա նշանակում է, որ մեր երկիրը բզկտելու են»,-մտահոգություն հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Նա նշեց, որ «Մայր Հայաստանի» անդամներն անցնում են շենքից շենք, բակից բակ, որպեսզի ահազանգի շեփոր հնչեցնեն. վտանգված է Հայաստանի գոյությունը։
«Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները տարբեր մանկլավիկների, մանրապճեղների ու դրածոների միջոցով ուզում է իջեցնել ասֆալտի թեմայի կարեւորության, մինչդեռ վտանգված է մեր երկրի գոյությունը։ Ձեր քվեով թույլ մի՛ տվեք, որ Երեւանն Էրիվան դառնա, Հայաստանն էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»,-ասաց դաշինքի առաջնորդը։
Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, «Մայր Հայաստանի» համոզմամբ, հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի պարտության ու խայտառակության հետքը Հայաստանից մաքրելուց հետո։
«Մայր Հայաստան» դաշինքը միակն է, որն ունի հասարակակական-քաղաքական լայն աջակցություն, նշեց Անդրանիկ Թեւանյանը, որին սատարում են բազմաթիվ այլ անհատներ եւ կազմակերպություններ։
Երևանում իշխանափոխություն իրականացնելուց հետո դաշինքը վճռական է իշխանափոխություն իրականացնելու ամբողջ Հայաստանում։