Սեպտեմբերի 17-ին դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը, իրականացրե՛ք իշխանափոխություն․ Անդրանիկ Թևանյան
Politics«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ հանդիպում է Էրեբունի համայնքում։ Նա հորդորեց, որ նրանք իրենց քվեով քաղաքական փոփոխություններ իրականացնեն։ Հայտնի պատմական անուն կրող համայնքի՝ Էրեբունիի բնակիչներին, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին և բեկում մտցնել մեր երկրի կյանքում՝ ապահովելով անվտանգություն, խաղաղություն և զարգացում։
«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ընտրությանը, որը համապետական նշանակության ընտրություն է, և դուք հնարավորություն ունեք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովել՝ իշխանափոխություն իրականացնելով։ Ակտիվորեն մասնակցե՛ք սեպտեմբերի 17-ի ընտրություններին, դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը և իրականացրե՛ք իշխանափոխություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է ընտրություններին ամբողջական իշխանափոխության ծրագրով։
«Մենք կոչ ենք անում մերժել գործող ապօրինի իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ՝ խոստանալով խաղաղություն և անվտանգություն, իսկ այսօր նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և հարցականի տակ դնում ՀՀ գոյությունը։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույքի բոլոր նախապայմանները, բավարարում նրանց պահանջները․ արդյունքում 120 հազ․ արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ։ Արցախին լքել և ուրացել է Նիկոլ Փաշինյանը»,-նշեց դաշինքի առաջնորդը։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության օրվան։ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել և ցույց տալ աշխարհին, որ Արցախը մենակ չի մնացել, Արցախը ուրացել է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Երևանի ավագանու ընտրությունը երկրում իշխանափոխություն իրականացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն է»,-ասաց նա։