Երևանի քաղաքապետի նոր թեկնածու կլինի
Politics«Փաստի» տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր թեև համագործակցություն են առաջարկել Ս. Պետրոսյանին՝ ցանկանալով վերջինիս ներգրավել իրենց նախընտրական ցուցակում, սակայն Սուրեն Պետրոսյանը գլխավորելու է սեփական քաղաքական ուժի ցուցակը՝ առաջ բերելով բոլորից տարբերվող օրակարգ։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Սուրեն Պետրոսյանին է միացել նոր գաղափարներով լի, գիտական հենք ունեցող մասնագետների և երիտասարդների թիմ։ Ավագանու ընտրություններին նրանք մասնակցելու են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակով։
Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հանրության լայն շերտերին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2022թ. օգոստոսին իր ընտանիքով տեղափոխվել է Արցախի Հանրապետության Աղավնո գյուղ՝ կոչ անելով մարդկանց հետևել իր օրինակին և այդկերպ խոչընդոտել գյուղը Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշմանը։