Վերականգնվում է Արցախի Սուրբ Հակոբավանքը․ նախատեսվում են նաև ապաստարաններ
Politics«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը: Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակա տարածքը մաքրելուց և վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից:
Մենք Արցախում մեծ թվով երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, և դրանք, իհարկե, կարևոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հենց այս դժվարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգևոր արժեքները և ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամեն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։
Մենք նաև նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները և ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու և ռազմական գործողությունների դեպքում երեխաների ու կանանց անվտանգությունն ապահովելու համար:
Համոզված եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգությունը, պատրաստվելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամեն ինչ կհաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական էներգիա է տալիս, որը կբավարարի անհնարին թվացող խնդիրների լուծման համար: Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամենը կհաղթահարենք միասին՝ օգնելով միմյանց և սահմանելով մեկ ընդհանուր նպատակ։
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստ են մեզ հետ պայքարել մեր հոգևոր արժեքների և մեր հողի վրա ապրելու իրավունքի համար, միանալ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ շարժմանը։