«Հայաքվեն» հայակենտրոն, համախմբող, հեռահար նախաձեռնություն է, որի նպատակը հայկական Արցախի պաշտպանությունն է. Ավետիք Չալաբյան
Politics«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
Երեկ բոլոր իմաստներով գերհագեցած օր էր «Հայաքվե»-ի համար՝ մենք քվեարկության նոր կետեր բացեցինք Աբովյանում, Արմավիրում և Տաթևում, մեր նախաձեռնության անդամ Արամ Օրբելյանը Հ1-ի եթերում փոշիացրեց իշխանական պրոպագանդայի կեղծ ու ստահոդ թեզերը, իսկ երեկոյան մենք իրազեկման մեծ հավաք անցկացրեցինք Իջևանում, որտեղ վաղվանից ևս կգործարկենք քվեարկության նոր կետ:
Սակայն օրվա թերևս կարևորագույն իրադարձությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների միասնական հայտարարությունն էր՝ ի աջակցություն «Հայաքվե»-ի: Այս հայտարարությունը միարժեք կերպով գալիս է ապացուցելու, որ «Հայաքվեն» հայակենտրոն, համախմբող, և հեռահար նախաձեռնություն է, որի նպատակը հայկական Արցախի պաշտպանությունն է, և հայոց միասնական պետության ամրապնդումը և հարատևումը:
Շնորհակալություն հայտնելով Արցախի մեր գործընկերներին, վերահաստատում եմ իմ աներկբա հանձնառությունը՝ մշտապես զորավիգ լինել մեր հերոսական Արցախին, այնտեղ իրենց պայքարը շարունակող մեր աննկուն քույրերին և եղբայրներին, և հայի պայքարող տեսակին ընդհանրապես:
Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև:
»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։ Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջև, թույլ չենք տալու մեր ազգային ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ ևս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որևէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի, առանձին անձինք և շրջանակներ իրավասու և լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը։
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր հայրենակիցներին։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական» խմբակցություն
04․07․2023թ․
Ստեփանակերտ