ՈՒժեղ Երևան, հզոր Հայաստան կառուցելն այլընտրանք չունի. Մանե Թանդիլյան
Politics«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իհարկե, Երևանում առկա բազմաթիվ առաջնային խնդիրների կողքին, մեգանախագծերը որոշ մարդկանց թվում են ոչ կարևոր։ Բայց հենց նման նախագծերն են նաև Երևանը դարձրել հզոր մայրաքաղաք։
Պատկերացնու՞մ եք, եթե ժամանակին չկարևորվեր Մարզահամերգային համալիրի կամ Օպերայի շենքի կառուցումը։
Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935թ․, որը սակայն 1965թ․՝ սրանից մոտ 60 տարի առաջ, այդ ժամանակվա իշխանությունների կողմից համարվեց մեր քաղաքին «չսազող», մեր նպատակների համար «փոքր» մարզադաշտ, և սկսվեցին Հրազդան մարզադաշտի շինարարական աշխատանքները։
Ես հավատում եմ այն մտքին, որ Արարատի չեմպիոնության մեջ մեծ դեր է խաղացել Հրազդան մարզադաշտը՝ այդ ժամանակ աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկը, որի այժմյան ճակատագիրը ուղղակի հերթական խայտառությունն է։
Եվ ահա, սպորտի զարգացող աշխարհում, Երևանն աշխարհին ներկայանում է 60 տարի առաջ արդեն մեզ «չսազող» մարզադաշտով, ընդ որում, հանդիսականների ավելի փոքր քանակով՝ ընդամենը 16,000:
Իսկ զուգահեռ իրականությունում, չնայած որ Հ1-յան Հայաստանում «աննախադեպ» տեմպերով զարգանում է մեր երկիրը, Վրաստանում է անցկացվում Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մի քանի տարի առաջ էլ անցկացվել է Եվրոպայի սուպերգավաթը։
Երևանին պետք է եվրոպական մակարդակի, ամենաբարձր՝ 4-րդ կատեգորիայի ազգային մարզադաշտ, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց վայելել մեր ֆուտբոլիստների հաղթանակները, այլ նաև անցկացնել միջազգային մրցաշարեր, եվրոգավաթների եզրափակիչ հանդիպումներ։
ՈՒժեղ լինելու մեր հանրահռչակումը պետք է իրականացվի բոլոր ոլորտներում։
ՈՒժեղ Երևան, հզոր Հայաստան կառուցելն այլընտրանք չունի։