Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք Չալաբյան
PoliticsՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք Գյումրիում անցկացրեցինք մեր «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը, որի կազմակերպիչն էր Գյումրիի "Ազգային արժեք" ակումբը։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ թե մասնակիցների, և թե լրատվամիջոցների կողմից, մենք մոտ երկու ժամից ավել բովանդակային ելույթներ, հարց ու պատասխան, և անհատական քննարկումներ ունեցանք մասնակիցների հետ, որոնց հետաքրքրում էր թե ինչպես է այս նախաձեռնությունը խոչընդոտելու Հայաստանի և Արցախի հանձնմանը, և թե ինչպես իրենք անձնապես կարող են նրանում ներդրում ունենալ։
Մեր համար այս միջոցառումից հետևությունը շատ հստակ է՝ մեր քաղաքացիները ոչ թե անտարբեր են, այլ սպասում են իրատեսական լուծումների քաղաքական և իրավական դաշտում, և երբ այդ լուծումը առաջարկվում և հիմնավորվում է, դա շատ մետ ոգևորություն է առաջացնում։ Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին մենք պետք է հետևողականորեն շարունակենք խոսել մեր մարդկանց հետ, գնանք իրենց դուռը, բացատրենք կապիտուլացիան կանխելու կարևորությունը, դրա ձևերը, և իրական այլընտրանքները։
Կիսվում եմ ստորև միջոցառման մասին "Առավոտ"-ի պատրաստած նյութի հղումով, այն հանգամանալից պատկերացում է տալիս մեր երեկվա քննարկումների բովանդակության մասին։ Եթե դուք կուզենաք ձեր համայնքում այսպիսի միջոցառում կազմակերպել, մի վարանեք, կապվեք մեզ հետ, մենք պատրաստ ենք գալ, հանդիպել, խոսել մեր հայրենակիցների հետ, քանզի միայն միասին մենք կարող ենք կանխել մեր երկրի վրա կախված աղետը։ Մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեկվա միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, և հաջողություն ցանկանալ բոլորիդ մեր ձեռնարկած մեծ գործում։