«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր. միշտ էլ մտահոգություններ կան». Արգամ Հովսեփյան
PoliticsՄայիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում խոսել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին և փոխանցել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են Հայաստանի տարածքից 5 կմ ներս:
«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտել էր նա։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր զարմանքը հայտնեց նախկին մարզպետի երեկ լրագրողներին փոխանցած տեղեկությունների առնչությամբ:
«Որքան պետք է եղել՝ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ ինժեներական աշխատանքները, հայկական կողմն էլ է կատարել։ Բանակն իր պարտականությունը կատարել է, չեմ հասկանում, թե ինչու է նախկին մարզպետը նման բան ասել, չեմ հասկանում, խրամատները փորված է, դիրքերը դրված է և՛ իրենց կողմից, և՛ մեր»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Նրա դժվարացավ ասել, թե բնակիչներն այս պահին ինչ տրամադրություն և մտավախություններ ունեն:
«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր, հիմա այս մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Վերջապես մարդ են, ճիշտ է, իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց միշտ էլ մտահոգություններ կան։ Իրենց անասունների 80 տոկոսը վաճառել են արոտի պատճառով, դրանց մեծ մասը թշնամու հսկողության տակ են։ 3-4 օր առաջ է թշնամին կրկին կրակել, բայց որևէ վնաս չենք ունեցել»,- հավելեց Ա. Հովսեփյանը։
Կան գյուղացիներ, որոնց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, և մեր հարցին՝ նրանք փոխհատուցում ստացե՞լ են, Արգամ Հովսեփյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ առայժմ որևէ փոխհատուցում չեն ստացել։
«Ես տեղյակ եմ, որ որևէ բան մինչև այժմ չի արվել, գուցե արվելու է։ Գիտեմ, որ Տեղ համայնքի բնակիչը գնացել է, որպեսզի իր ցորենի արտին պարարտանյութ տա, մեր կողմի ոստիկաններն ասել են՝ վտանգավոր է, առաջ մի գնա, թույլ չեն տվել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։
Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Դրանից հետո՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրել։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։