Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն հայ ժողովուրդն է. Մանե Թանդիլյան
PoliticsԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Արցախի մուտքի մոտ ադրբեջական անցակետի տեղադրումը, ակնհայտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։
Նաև այլևս ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում չեն կարողանում ապահովել իրենց իսկ վերահսկողության ներքո գտնվող տարածքի տիրապետումը։ Արդյունքում, Արցախում գտնվող 120.000 մեր հայրենակիցներ գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Արցախը, որպես մեր միասնական հայրենիքի մաս․ կորստի առջև է։
Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում նախաձեռնող խմբի, միգուցե վարչության նիստ, որտեղ քննարկվում է կարևորագույն առաջնահերթության հարց․ հաջորդ նիստը անցկացնել Տեղու՞մ, թե՞ Դիլիջանում․․․
Կայացվեց աննախադեպ որոշում․ հաջորդ նիստն անցկացնել Դիլիջանում։ Հետաքրքիր է՝ ո՞ր հիմնավոր փաստարկները հիմք ծառայեցին այդպիսի որոշման համար։
Այո՛, կարող ենք շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականությունները, պահանջել ՄԱԿ-ից՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, պահանջել այլ պետություններից մեզ պաշտպանել։
Բայց Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։
Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ։ Այլ ճանապարհ չունենք։
Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն Հայաստանն ու Արցախն են, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի հավաքական կամքն ու ուժն անբեկանելի են։