Մենք ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների, մեր ներկա և մեր գալիք սերունդների առջև. Ռուբեն Վարդանյան
PoliticsԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գտնվելով Արցախում հիմա ավելի սուր եմ զգում այն ծրագրերի ու նպատակների իրագործման կարևորությունը, որի շուրջ միավորվել ենք տարիներ առաջ:
Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ կեղծ է այն պնդումը, թե հայն իբրև մտածում է միայն ուտելու մասին. ո'չ, հայը ունի մեծ պահանջ քննարկում ունենալու գաղափարների շուրջ: Հայը պետք է զգա ու տեսնի, որ ինքը կարևոր է, իր կարծիքը կարևոր է իր պետության ապագայի համար: Այսօր՝ ծանր իրավիճակը հաղթահարելու ու առաջ գնալու համար անհրաժեշտ է նախևառաջ ձևավորել հավատ ապագայի ու առաջնորդների հանդեպ, իսկ դա խանութներն ուտելիքով լցնելով չես կարող անել:
Առաջ գնալու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ գաղափարի ու տեսլականի շուրջ ենք մենք միավորվում: Վստահ եմ՝ առանց գաղափարի ոչինչ չի ստացվի: Այս միջոցառումը կարևոր է հենց այդ հարցերի պատասխանները գտնելու համար:
Ըստ Կոնֆուցիոսի՝ կրթությունը առանց մտքի անիմաստ է, միտքը առանց կրթության՝ վտանգավոր: Մեզ պետք է գաղափարական ուժեղ հենք առաջ գնալու համար: Գաղափարն ու հանուն այդ գաղափարի պայքարն է, որ մեր ազգին առաջ է մղել ամենածանր ու անելանելի իրավիճակներում:
Մենք ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների, մեր ներկա և մեր գալիք սերունդների առջև.մենք նրանց պետք է փոխանցենք արժանապատիվ ու արժեքների վրա հիմնված ապագա։ Մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը դա ստեղծելու համար: