Ինչո՞ւ ենք կտրում այն ճյուղը, որի վրա նստած ենք
PoliticsՄի հայտնի ասույթ կա՝ մի կտրիր այն ճյուղը, որի վրա նստած ես: Թվում է՝ անիմաստ խորհուրդ է. ինչպե՞ս կարող է մարդ չգիտակցել, որ ճյուղի հետ ներքև է ընկնելու նաև ինքը: Բայց, արի ու տես, որ գլոբալ առումով շատերս ունենք ժողովրդական այս խորհրդի կարիքը, քանզի հաճախ նեղ անձնական, նեղ քաղաքական շահերի կիզակետում սկսում ենք կացնահարել այնպիսի ճյուղեր, որոնց վրա նստած ենք ազգովի:
Այդ թվում՝ հատկապես քաղաքական «ճաշակից» ելնելով՝ հարվածներ ենք հասցնում աջուձախ՝ այդ ճանապարհին կամա թե ակամա վնասելով նաև մասնավորաբար բիզնեսին, ինչը նույնն է թե՝ տնտեսությանը: Օրինակ՝ վերջին օրերին Հայաստանի կառավարության որոշմամբ Թուրքիա մարդասիրական բեռներ ուղարկելու թեմայի շրջանակներում որոշ շրջանակներ ինտենսիվ «հրաձգության» տակ են պահում «Սպայկա» ընկերությանը, որի մեքենաներով էլ այդ օգնությունն ուղարկվել է աղետից տուժած Թուրքիա: Ճիշտ էր, թե սխալ կառավարության այս քայլը, այլ խոսակցության թեմա է, դա արդեն իսկապես քաղաքականություն է:
Այս պարագայում խնդիրն այլ է: Նեղ քաղաքական պայքարի համատեքստում փաստացի փորձ է արվում վնասել սեփական երկրի տնտեսության հիմնական «սնուցող երակներից» մեկը: Խոսքը մի կազմակերպության մասին է, որը ոչ միայն ապահովում է մեր երկրից արտահանման առյուծի բաժինը (գաղտնիք չէ, թե ցանկացած երկրի համար ինչ առանցքային նշանակություն ունի արտահանումը), այլև զբաղվում է երկրում արտադրության կազմակերպմամբ ու բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմամբ: Ավելին, «Սպայկան» 1000 խոշոր հարկատուների ցանկում 2022 թվականին 58-րդն է եղել՝ վճարելով 4,6 մլրդ դրամ հարկ:
Այսինքն, հարվածելով բիզնեսին՝ փաստացի առաջին հերթին հարվածում ենք մեր տնտեսությանը, որն առանց այդ էլ, մեղմ ասած, լավ օրեր չի ապրում: Ո՞ւմ ենք վնասում. ինքներս մեզ: Ուստի, ոչ մի քաղաքականություն, ոչ մի անձնական «հաշիվ», ոչ մի իշխանություն կամ ընդդիմություն չարժեն, որ վնաս կրի երկիրը...
Կարեն Ասատրյան