Պահանջում ենք վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հրաժարականները. «Համախմբում»
PoliticsԽորապես ցավակցում ենք հունվարի 18-ի գիշերը ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում բռնկված հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, հայ ժողովրդին։
Այս ողբերգական դեպքն ի ցույց դրեց ՀՀ Զինված ուժերի կառավարման ոլորտի հանցավոր տապալումը, ինչի առաջին պատասխանատուները վարչապետն ու պաշտպանության նախարարն են, քանի որ զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են, զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, և նշված պաշտոնյաներն են լուծում ոլորտի կառավարման, ֆինանսական միջոցների բաշխման և տնօրինման հետ կապված խնդիրները։
Ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ տեղեկայելը, ջեռուցումը վառարանի միջոցով ապահովելը, զինվորական ծառայության անվտանգություն չապահովող և մարտական պատրաստականությանը խոչընդոտող պայմանների առկայությունը (փայտե տանիք ու հատակ, ճաղավանդակված պատուհաններ լինելու հանգամանքը, ինչն արգելվում է) ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ Բանակի տարբեր ստորաբաժանումների համար անհրաժեշտ նվազագույն զորանոցային պայմաններն ապահովված չեն։ Սա այն դեպքում, երբ 2022 թվականի պաշտպանության բյուջեն, ըստ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների, թերակատարված է շուրջ 50 մլրդ դրամով կամ 1/6 չափով։ Այս հանգամանքը պաշտպանության ոլորտի հանցավոր ձախողման, տապալման վառ արտահայտությունն է։
Դատապարտում ենք ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից ողբերգության պատասխանատվությունը միայն զինվորական կադրերի վրա բարդելու գործելակերպը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումը վարչապետի և պաշտպանության նախարարի ամենաառաջնային գործառույթն է, ուստի այս ոլորտում կառավարման ու վերահսկողության տապալումը նրանց անմիջական պատասխանատվությունն է։
Պահանջում ենք վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հրաժարականները։
«Համախմբում» նախաձեռնության խորհուրդ