Իմ երազանքն է հայ ազգին տեսնել հաղթանակած, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելիս. Մհեր Ավետիսյան
PoliticsՄեցենատ Մհեր Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․
«Սիրելի' հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Սեր և բարություն ավետող այս տոնին ապագայի հանդեպ լավատեսություն, հույս ու հավատ եմ մաղթում բոլորիս և առաջին հերթին՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնված մեր արցախցի հայրենակիցներին, ովքեր հատկապես այս օրերին ունեն մեր աջակցության ու եղբայրական սիրո կարիքը։
Ջերմությամբ և աղոթքով հիշենք նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, որպեսզի այսօր մենք ու մեր երեխաները կարողանանք խաղաղ երկնքի տակ նշել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը։
Հիրավի, նախորդ տարին լի էր կորուստներով, հիասթափությամբ և ապագայի նկատմամբ անվստահությամբ, սակայն հուսով եմ, որ 2023 թվականը կլինի նորանոր նվաճումների և հաղթանակների տարի՝ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակույթային և բոլոր ոլորտներում:
Թող այս տարի իրականություն դառնա միակ երազանքս՝ հայ ազգին տեսնել հաղթանակած, իր հայրենի հողում ազատ, անվտանգ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելիս։
Խոստանում եմ իմ հնարավորությունների սահմաններում նպաստել մեր բոլորիս երազանքների իրականացմանը։
Համոզված եմ, որ աշխարհասփյուռ բոլոր հայերը պետք է մեկտեղեն իրեց ջանքերն ու ուժերը՝ մեր չքնաղ հայրենիքը դարձնելու ավելի բարեկեցիկ, հզոր ու ապահով»։