Այդպես լինում է հանուն իշխանության սատանային իրենց հոգին ծախած բոլորի հետ. Հոխիկյան
PoliticsՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նկարում պատկերված կինը դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է, ում ՀՀ ԱԱԾ-ն մեղադրում է մի շարք հանցանքների մեջ՝ միջնորդություն ներկայացնելով նրա ձերբակալման ու կալանավորման համար։ Ճիշտ է, գործի մեջ ձեռքի հետ փորձում են ներքաշել նաև ընդդիմադիր փաստաբանի, բայց տվյալ դեպքում գլխավոր հերոսուհին դատավորն է, որը առանց խղճի խայթի մի շարք ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին։
Ծանոթացեք, հենց այս կինն է կալանավորման որոշումներ կայացրել Ավետիք Չալաբյանի, Մամիկոն Ասլանյանի, Միկա Բադալյանի, Նարեկ Մանթաշյանի, նաև Արմեն Գրիգորյանի համար, ով դատարանի դահլիճում կասկածելի պայմաններում հանկարծամահ եղավ։
Հասկանալի է, չէ՞, թե ինչու է բոլոր առանցքային ընդդիմադիր գործիչներին կալանավորելու գործերը քննել նույն մարդը, ով միշտ աչքի է ընկել Նիկոլ Փաշինյանի ավազակախմբին ծառայելու պատրաստակամությամբ։
Հիմա նույն այդ դատավորը ինքն է ամբաստանյալի կարգավիճակում։ Հավանաբար այլևս պետք չի Նիկոլ Փաշինյանին, և իրավապահ կառույցները որոշել են արդեն տեսնել իրենց սրտի դատավորի գործած հանցանքները։
Այդպես լինում է հանուն իշխանության սատանային իրենց հոգին ծախած բոլորի հետ։