Դեմարշ` Մոսկվային. Սիմոնյանը դուռը շրխկացրեց ռուսների երեսին
Politics«Մենք մեր ռուս գործընկերներից եւս ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։ Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»,- երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սիմոնյանը։
Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․
«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»։
ԱԺ նախագահը, ըստ էության, երեկ ամփոփեց հանրային տիրույթում ժամ առ ժամ գերակշիռ դարձող հասարակական ընկալումը` կամ միացեք մեր, որպես ռազմավարական դաշնակցի, պաշտպանական միջոցառումներին, կամ մենք մինչև կոկորդներս կուշտ ենք ձեր հայտարարություններից։
Ոչ դիվանագիտական բառապաշարով` Սիմոնյանը դուռը շրխկացրեց ռուսների երեսին` կամ մեզ հետ եք, կամ մենք վերանայում ենք մեր անվտանգության համակարգը։
Սա պետական մակարդակով արված ամենամեծ դեմարշն էր` ուղղված ռուսական քաղաքական ղեկավարությանը։ Եվ սա արվեց մի իրավիճակում, երբ ավանդաբար մեր դաշնակիցը համարվող ռուսական պետության փոխարեն մեր մեկնած ձեռքը բռնեց Արևմուտքը։
Հրադադարը ձեռք է բերվել առավելապես ԱՄՆ ջանքերի շնորհին,֊ ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Նենսի Փելոսիի այցի նախորեին Սիմոնյանը գուցե աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին ակնարկնե՞ր է անում։
Գուցե։
Սարգիս Ավետիսյան