Ավետիք Չալաբյանի գործով հանրային ընդվզումն աճում է
Politics«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները աստիճանաբար բացում են հանրության աչքերը։
Առայժմ հատուկենտ հեղինակություն վայելող գործիչներ են իրենց ձայնը բարձրացնում, սակայն վստահաբար առաջիկայում այդ քաղաքական, մշակութային գործիչների թիվը կավելանա, և մարդիկ ի վերջո Հայաստանի իշխանություններից կպահանջեն պաշտպանել օրենքը, դադարեցնել ապօրինությունները Չալաբյանի նկատմամբ։
Արդեն 2 ամիս է՝ ինչ Ավետիք Չալաբյանը գտնվում է անազատության մեջ, նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը, տարակուսանք է առաջացրել հասարակության տարբեր խմբերում։ Այդ կապակցությամբ երեկ մի ամբողջ շարք գործիչներ իրենց կարծիքն են հայտնել։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ, Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու մեկ պատճառ կա՝ Արցախում պաշտպանության ոլորտում նա շատ ակտիվ էր, թշնամու աչքի փշերից մեկն էր։
Իրենց ձայնն են բարձրացրել նաև Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, իրավապաշտպաններ, լրագրողներ։
Չալաբյանի գործը լակմուսի թուղթ է հայ հասարակության համար, նրա նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը բուն ժողովրդավարական գործընթացին։
Ժողովրդավարությունը որպես բրենդ հռչակած իշխանությունները չեն խորշում Չալաբյանի նկատմամբ ստորություններ անելուց, և հայ հասարակությունը ինքը պետք է ոտքի կանգնի և բացատրի փաշինյանական վարչախմբին, որ այն ինչ կատարվում է Ավետիք Չալաբյանի հետ, բացարձակապես չի տեղավորվում որևէ ողջամտության սահմաններում։
Այս կապակցությամբ՝ Չալաբյանի դեպքին, անդրադարձել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ «Հետո եկան իմ հետևից…» հոդվածով։ Արդեն միայն վերնագիրն ամեն ինչ խոսում է։
Չալաբյանը տարիներ շարունակ ակտիվություն է ցուցաբերել ոչ միայն Արցախում և Հայաստանում պաշտպանողականության բարձրացման ուղղությամբ, այլ նաև վերջին շրջանում լրջորեն զբաղվում էր հասարակական, քաղաքական գործունեությամբ, փորձում Հայաստանը տանել դեպի վերափոխման, հզորացման ճանապարհով, և Նիկոլ Փաշինյանի վարչախմբի գործողությունները տեղավորվում է այս համատեքստում։
Լևոն Ստեփանյան