Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ. պաշտպանական խմբի հայտարարությունը
PoliticsՍ.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախաքննության ավարտով պայմանավորված պաշտպանական թիմը ծանոթացել է գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։
Միաժամանակ հայտնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց և դատարան ուղարկելուց հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով, որում արդեն հանգամանալից կներկայացնենք գործի բոլոր մանրամասներն ու նախաքննությամբ ձեռք բերված այսպես կոչված «բավարար» ապացույցների սնանկությունը»,-նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացմամբ զբաղվող «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։
«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: Անգամ անազատության մեջ գտնվելով, նա չի դադարել իր հայրենանպաստ գործունեությունը` այդ թվում նաև հրապարակելով Հայաստանի ռազմավարական զարգացման` «Հայաստանի ճակատագրական ընտրությունը» հոդվածաշարը:
Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագարահավաքներով և օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին: Նրա խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ԱԺ 5 պատգամավորներ, «Արար» հիմնադրամն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչերով հանդես են եկել մի շարք հասարակական գործիչներ, գիտնականներ, Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, պատգամավորները, Արցախի թեմի հոգևոր առաջնորդը, այլ անձինք: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորման գործը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու մամուլի ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում: