Պոմպեոն պլանավորում է առաջիկայում հանդիպել Չինաստանի կառավարության ներկայացուցիչների հետ․ Politico
PoliticsԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է Հավայան կղզիներում հանդիպում անցկացնել Չինաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թերթի տվյալներով՝ Պոմպեոյի այցի վերաբերյալ ծրագրերը դեռ լրամշակվում են։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը նույնպես չի պատասխանել Politico-ի հարցմանը:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են Չինաստանի խորհրդարանի կողմից մշակվող երկրի հատուկ վարչական շրջանի՝ Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության օրինագծի պատճառով, որը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ուղղված է Հոնկոնգի ինքնավարության վերացմանը:
Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել։ Չինաստանը մերժել է բոլոր քննադատությունները՝ հայտարարելով, որ Հոնկոնգի հարցերը բացառապես իրեն են վերաբերում։
ԱՄՆ-ի իշխանությունները Չինաստանին պարբերաբար մեղադրում են կորոնավիրուսի տարածումը զսպելու, փաստերը թաքցնելու, ժամանակին չարձագանքելու անկարողության մեջ: Չինաստանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարում են, որ ի սկզբանե բաց և պատասխանատու դիրքորոշում են ունեցել կորոնավիրուսային վարակի համավարակի մասին տվյալների հրապարակման վերաբերյալ: