Բողոքավոր քաղաքացիները ծափահարեցին և լուսանկարվեցին Ալեն Սիմոնյանի հետ
PoliticsՔիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ որդեկորույս մայրեր, ակցիա էին անում Ազգային ժողովի մուտքի մոտ։ Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրանք մի քանի կետանոց պահանջ ունեին, որը վերաբերում էր ընդդիմությանը։
Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը չեն համակերպվում ժողովրդի ընտրության հետ՝ նշելով, որ երեկ բռնել են, քաղաքացիական հայացքների համար մարդ են ծեծել։
«Հանգիստ, չի կարելի։ Մենք չպետք է իրենց նմանվենք։ Այդքան հարվածներից հետո, որ կարողանում ենք պինդ մնալ, դա նրանից է, որ չենք դավաճանում մեր սկզբունքներին։ Մենք իրենք չենք դառնալու։ Մեզ մի դարձրեք իրենց։ Գայթակղությունը մեծ է, որ ես ծեծեմ նրան, ով ինձ վիրավորում է, բայց ես չեմ դավաճանելու իմ սկզբունքներին։ Որ րոպեին ես ինձ նման բան թույլ տամ, ինքը հաղթելու է։ Օրենքն անում է այն, ինչ պետք է»,- ասաց նա։
«Իմացեք, որ րոպեին մենք դարձանք իրենք, կպարտվենք, որ րոպեին սկսենք իրենց նման մտածել, որ մարդիկ պետք է մեզանից վախենան, կամաց-կամաց դառնալու ենք նույն հրեշը, որին 2018 թվականին հաղթել ենք»,- հավելեց նա։
Սիմոնյանը նաև լուսանկարվեց ու զրուցեց քաղաքացիների հետ՝ խոստանալով ընդառաջել ու հնարավորության սահմաններում լուծել դրանք։