Հայաստանի ընդդիմությունը կիսվել է իր «հստակ ծրագրով». Փաշինյանին «սեղմելու են»
PoliticsEadaily.com-ը գրում է, որ գործող վարչապետի հայտնի ելույթը խորհրդարանում նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում։ Անցած կիրակի օրվանից քաղաքական գործիչն իր համախոհների հետ նստացույց է անում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։
«Այդ ելույթում հնչեցին մտքեր և գնահատականներ, որոնք, իմ կարծիքով, անընդունելի են հայ ժողովրդի մեծամասնության համար»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով անցած շաբաթ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երևանը կնվազեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:
Վանեցյանը, ով 2018 թվականի գարնանը Փաշինյանի իշխանության գալու առաջին տարում զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը ճանապարհային քարտեզ է մշակում կառավարության ներկայիս ղեկավարին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար։
«Դուք պետք է հասկանաք, որ դրված է Հայաստանի Հանրապետության, հայ ազգի և Արցախի Հանրապետության գոյության հարցը»,- ասել է Վանեցյանը։
Նրա խոսքով ընդդիմությունն ունի «գործողության հստակ ծրագիր»։ Ի միջի այլոց Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները մինչ այժմ ձեռնպահ են մնացել նշված «ճանապարհային քարտեզի» կամ նրա նշած «հստակ ծրագրի» որոշ դրույթներ հայաստանյան հանրությանը ներկայացնելուց։ Վանեցյանը, սակայն, նախօրեին նշել էր, որ «իշխանափոխությունը խորհրդարանում իրականացվելու է փողոցի ճնշման տակ»։
«Որոշ ժամանակ անց դուք ամեն օր հետևելու եք այս և այլ բողոքի ակցիաների ընթացքին և զարգացմանը։ Համոզված եմ, որ եթե ժողովուրդը մեզ հավատա, և ես վստահ եմ, որ կհավատա, և եթե մեզանից յուրաքանչյուրը նպաստի այս պայքարին, շատ շուտով արդյունքի կհասնենք,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը, - իհարկե, իշխանությունների դեմ պայքարի տեմպերը կախված են բազմաթիվ հանգամանքներից, բայց ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում այս անգամ իսկապես լուրջ փոփոխությունների ենք հասնելու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ հզոր Հայաստան, հզոր Արցախ, ինքնիշխան, իր տարածքային ամբողջականությունը պահպանած և քաղաքացիների բարեկեցությունն ապահովող պետության»։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ Հայաստանի ընդդիմությունը միասնական է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկության մեջ, ինչի համար կկազմվի ճանապարհային քարտեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը