Մոսկվան փորձում է ցույց տալ, որ պահում է ձեռքը զարկերակի վրա. քաղաքագետ
PoliticsԱյսօր Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
Հանդիպումից ունեցած ակնկալիքների շուրջ 1or.am-ը լսել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքը.
«Իմ կարծիքով՝ այցն առաջին հերթին նպատակ ուներ ներկայացնելու ռուսական կողմին այն բանակցությունների ընթացքը, որոնք տեղի են ունենում Եվրամիության միջնորդությամբ: Մոսկվան փորձում է ցույց տալ, որ պահում է ձեռքը զարկերակի վրա և, չնայած հիմա ավելի շատ զբաղված է ուկրաինական ճգնաժամով, բայց շարունակում է հետևել նաև մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին:
Կարծում եմ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին շրջանում Հայաստանի քվեարկությունները միջազգային տարբեր ատյաններում: Եթե հիշում եք, մարտի 4-ին տեղի ունեցավ հեռախոսազանգ Լավրովի և Միրզոյանի միջև, որի ընթացքում գլխավոր շեշտադրումն այն էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է փորձեն կոորդինացնել ջանքերը միջազգային ատյաններում քվեարկությունների ժամանակ»:
Քաղաքագետի խոսքով՝ այս փուլում դժվար է ինչ-որ գլոբալ եզրահանգումներ անել նմանատիպ հանդիպումներից հետո.
«Ես ավելի լուրջ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից և, առհասարակ, այս պահին չարժե լուրջ փոփոխություններ ակնկալել տարածաշրջանում, քանի դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը: Դրա ավարտից հետո արդեն ավելի պարզ կդառնա այն կոնֆիգուրացիան, որը գոյություն ունի նաև մեր տարածաշրջանում, կտեսնենք արդյոք հնարավո՞ր է, որ վերջին փուլում Եվրամիության այս ակտիվությունը շարունակվի նաև այն ժամանակ, երբ Ռուսաստանն արդեն լիովին կակտիվանա մեր տարածաշրջանում»:
Մարիամ Նալբանդյան