Այս տարի գազը կարող է նորից թանկանալ, ո՞ր դեպքում. պարզաբանում է տնտեսագետը
EconoмицсԱյսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ, ընդ որում թանկացումը միջինը 4.1 տոկոսով է լինելու, մինչդեռ ռուսական ընկերությունը 6 տոկոս թանկացում էր նախատեսում։
Մենք զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է առաջիկայում նորից թանկացում դիտվի և թե սակագնի՝ այսօր սահմանված արժեքն ինչպիսի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա.
«Նախ նշեմ, որ 2021 թվականի հոկտեմբերին «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիայի» միջև կնքվել է գազի մատակարարման նոր համաձայնագիր, որի համաձայն՝ 165 դոլար սահմանից բացի պետք է վճարվի նաև կալորիականության գործակից, որը կարող է կազմել մինչև 175 դոլար՝ 1000 խմ-ի հաշվով: Սա հիմք ընդունելով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է գազի սակագինը, որի հիմքում դրել է 8390 կալորիան՝ հաշվի առնելով 2021 թվականի միջին կալորիականության գործակիցը: Եթե այս տարվա ընթացքում կալորիականությունը ավել լինի այդ ցուցանիշից, ապա հանձնաժողովը պարտադրված կլինի կրկին վերանայելու գազի սակագինը: Ինչևէ, նույնիսկ այդ 4.7 դրամը բնակիչների համար բավականին մեծ սոցիալական ծախս է՝ հաշվի առնելով այն, որ հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիան:
Անդրադառնալով գազի սակագնի բարձրանալու արդյունքում մեր տնտեսության մեջ սպասվելիք փոփոխություններին՝ տնտեսագետը նշեց.
«Հակառակ գործող իշխանությունների խոստումների, ովքեր հայտարարել էին, որ նվազեցնելու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները, նրանք, ընդհակառակը, բարձրացրին բոլորը միաժամանակ, և սրա արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերն ավելանալու են, իսկ եկամուտները մնալու են նույնը: Սա բավականին մեծ սոցիալական բեռ է մեր բնակչության համար: Միաժամանակ, գազը թանկանալու է նաև բիզնեսի համար՝ մոտ 4 տոկոսով, որն իր հերթին ազդելու է ապրանքների գների վրա: Այն քաղաքացիներն, ովքեր մեքենայի համար օգտագործում են սեղմված գազ՝ մոտ 80 տոկոսից ավելին, այսօրվանից վճարելու են 7-8 տոկոս ավելի շատ, քան նախկինում:
Այսինքն՝ համատարած թանկացումներ ենք ունենալու, որը շղթայաբար ազդելու է բոլոր ապրանքների և ծառայությունների վրա՝ դրանով նվազեցնելով նաև մեր ապրանքների մրցունակությունը: Մեր ապրանքները թանկ են դառնալու և՛ մեր շուկայում, և՛ արտահանման շուկաներում, ինչի արդյունքում մեր արտադրողները կտուժեն հատկապես ԵԱՏՄ շրջանականերում, որի գրեթե բոլոր երկրների գազի և էլեկտրաէներգիայի սակագները զիջում են մեր երկրին՝ բացառությամբ Ղրղզստանի»:
Մարիամ Նալբանդյան