Կապրենք, կտեսնենք. Նաիրա Զոհրաբյանը կառաջադրվի՞ Երևանի քաղաքապետի ընտրություններին
PoliticsՔՊ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարեց, որ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությանը կլինի քաղաքապետի ՔՊ թեկնածուն: Ալեքսանյանը նշել է, որ Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, իսկ հետո կգլխավորի ՔՊ ցուցակը:
Թեմայի շուրջ մեղ հետ զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.
«Քաղաքացիական պայմանագիրն իրավունք ունի առաջադրելու ում ուզում է, դա նրանց իրավունքն ու քաղաքական որոշումն է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ընդդիմությունը կկարողանա՞ միավորվել և առաջադրել քաղաքապետի այնպիսի թեկնածու, որն ընդունելի կլինի երևանցիների համար: Եթե ընդդիմությունն էլի պառակտվի, ամեն մեկն էլի ինչ-որ թեկնածու առաջադրի, եթե իշխանությունը փորձի իր թաքուն աջակից կուսակցությունների միջոցով ձայներ փոշիացնել, իսկ ընդդիմությունը դրա դեմը ոչ մի ձևով չառնի, ապա, բնականաբար, իշխանությունը կարողանալու է էլի իր խնդիրը լուծել:
Այս պահին արդեն տարբեր անուններ են շրջանառվում, ես չեմ սիրում «սուրճի բաժակ նայել», քաղաքականության մեջ այդ ձևով գուշակություններ անելն իմ հոբբին չէ, ես ընդամենը ուզում եմ հույս հայտնել, որ ընդդիմությունը, որն արդեն բազմաթիվ լուրջ բացթողումներ ունի, հասկանալով Երևանի կարևորությունը, իր մեջ կգտնի այնքան ողջախոհություն, իմաստնություն՝ մի կողմ դնելու տարաձայնությունները և ընտրելու այնպիսի թեկնածուի, ով կարևոր քաղաքական դեմք կլինի և կունենա մենեջերի ունակություններ, որովհետև, ի վերջո, Երևանը հսկայական տնտեսություն է: Ես, ընդդիմություն ասելով, նկատի չունեմ միայն խորհրդարանական երկու ուժերին, այլ նաև արտախորհրդարանական, որովհետև այս դեպքում շատ մեծ համախմբվածություն է պետք՝ իշխանական լծակներին հաղթելու համար»:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա ընտրություններին Երևանի քաղաքապետի թեկնածուների շարքում տեսնենք նաև իր անունը, Զոհրաբյանը պատասխանեց.
«Այս այնքան քաղաքական խիզախություն ունեցա, որ անմիջապես հեղափոխությունից հետո՝ էյֆորիայի այդ պայմաններում, երբ Նիկոլն իր կոշիկի «շնուրոկին» էլ դներ քաղաքապետի թեկնածու, հաղթելու էր, առաջադրվեցի որպես քաղաքապետի թեկնածու և որոշակի ձայներ ապահովեցի: Այս պահին ես դեռ պատրաստ չեմ քննարկելու այդ հարցը, այս պահին ես որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում, իսկ ընտրություններին, ըստ օրենքի, մասնակցում են միայն քաղաքական կուսակցությունները, այնպես որ, կապրենք, կտեսնենք, որոշողը ես եմ: Մնում է միայն, որ ընդդիմությունն ունենա միացյալ լուրջ թեկնածու, ոչ թե ամեն մեկն իր լրատվական լծակներով փորձի իր անունը դնել շրջանառության մեջ, դա, իմ կարծիքով, արդեն սկսում է անլրջանալ»:
Մարիամ Նալբանդյան